Рубрика: Տեսանյութեր, Ծեսեր

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

Ահա եկավ հայոց ազգին օրերը,

Հանեցեք հիները, հագեք նորերը:

Բարեկենդան, փորեկենդան,

Բարեկենդան օրեր է,

 Խելքս գլխես կորեր է…

Բարեկենդանը հայկական հին տոներից է: Դա հայերի ամենաուրախ տոնն է եղել: Մարդիկ երկու շաբաթ կերել-խմել են, երգել, պարել, ուրախ խաղեր են խաղացել, դիմակահանդեսներ են կազմակերպել: Այդ տոնից հետո պասն է սկսվել. մարդիկ չեն կերել այն, ինչ կենդանիներից են ստացել` յուղ, միս, ձու, կաթ, մածուն:

Բարեկենդանին փոքրերը մեծի հագուստ էին հագնում, տղաները` աղջկա, ոմանք ծաղրածու էին դառնում: Հաճախ մեկին թարս նստեցնում էին էշին, պոչը տալիս ձեռքը և ծաղրում.

-Ճամփա էշի պարոնին,

Անբեղն է գալիս, ճամփա տվեք:

Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Բարեկենդանի հերոսներից էին ձեռնափայտին հենված ծերուկը, կուզիկ զոքանչը, հաստափոր ու ագահ տերտերը, նոզայը, փայտե ուղտը:

Տոնական օրեր, տոնական եռուզեռ

Երեխաները, դաստիարակն ու ծնողները պատրաստում են տարբեր դիմակներ (կենդանիների, թռչունների, մրգերի, բույսերի և այլն): Պատրաստում են «ուղտ խաղացնելու՚ համար փայտի վրա ամրացված ՙուղտի գլուխ՚` «Բարեկենդանի կարևոր խորհրդանիշերից մեկը:

Բացի դրանից պատրաստում են`

երկու տիկնիկ` հարսի և փեսայի

Նոզայի դիմակ

Ակլատիզի տիկնիկ

Ուտիս տատի տիկնիկ

Դաստիարակը կազմակերպում է փոքրիկ խաղեր, խաղ-ներկայացումներ` նշված կերպարներին ծանոթանալու, կերպարների առանձնահատկությունները ընկալելու, ասույթները սովորելու և հասկանալու համար, որ ծեսի ժամանակ իրենց անելիքն իմանան, հասկանան:

Դաստիարակը ինքը կարող է Մեծ տատ դառնալ, որ տոն- խաղը կազմակերպի:

Ծրագրային ընթացիկ աշխատանքներ

  • Սկսում են   տարատեսակ դիմակներ  պատրաստել  
  • Զվարճալի լուսանկարների ցուցահանդես՝ ուսուցիչներ, սովորողներ, ծնողներ
  • Էլեկտրոնային նյութեր են պատրաստում՝ Բարեկենդանի, դրա կերպարների մասին
  • Համեղ կերակուրների բաղադրատոմսեր և պատրաստում
  • Մանակախաղերի, ազգային խաղերի նկարահանումներ
  • Բարեկենդանի երգերի կարաոկեների ստեղծում

Դդումը դառնում է Բարեկենդանի խորհրդանիշ

  • Դդմագովքեր
  • Դդմածաղրեր
  • Դդմաերգ
  • Դդմային կերակուրներ՝ ներկայացնում են բաղադրատոմսերը,  եփում են, պատմում են

Ընտանեկան նախագծեր՝

  • Մեր մանկության խաղերը
  • Հեքիաթասաց տատ ու պապ
  • Բարեկենդանի համով-հոտով ուտելիքներ
  • Ընտանեկան ուրախ ներկայացումներ
  • Ուրախ, ծիծաղելի լուսանկարներ
  • Բարեկենդան հեքիաթի բեմականացում, ռադիոբեմադրում
  • Երգ-պարերի ուսուցում և բեմադրում

 

Երգերի ցանկ՝

  • Գնացեք տեսեք
  • Դան դան դանեդան կամ այլ կատակերգ
  • Աղվես
  • հինգ էծ -խաղերգ

Բեմադրվող պարեր

  • Էշ-պարոն
  • Լեն թուփ ու կանաչ տերև

 

Մինչև Բարեկենդանի ծիսակատարություն 

  • Սովորում կամ կրկնում են Բարեկենդանի երգերը, ասույթները:
  • Պատրաստում են Նոզայի դիմակը և շարունակում են պատրաստել իրենց դիմակները:
  • Ներկայացում են խաղում, որի հերոսը Նոզայն է:
  • Այդ հերոսի հետ կապված երգեր, ասույթներ, կատակներ, ծաղրանքներ են սովորում:
  • Գոմշակռիվ և աքլորակռիվ են խաղում:
  • Պատրաստում են հարսի և փեսայի տիկնիկները:
  • Բարեկենդանի նոր երգեր, ասույթներ, կատակներ, ծաղրանքներ են սովորում:
  • Պատրաստում են ուղտի գլուխը և սովորում այն խաղացնել:
  • Պատրաստում են Ակլատիզի տիկնիկը:
  • Պատրաստում են Ուտիս տատի տիկնիկը:

ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ

  • Ուղտի գլուխը պատրաստվում է հաստ ստվարաթղթից կամ փայտե թիթեղից, որի վրա հագցնում են կտորից նախօրոք կարված ՙգլուխը՚, իսկ ՙգլխի՚ մեջ լցնում են բամբակ կամ կտոր: Այն ամրացվում մոտ 1 մետր երկարություն ունեցող բարակ փայտին: Երեխաներից մեկը բռնում է փայտը և պարացնում այն:
  • Նոզայը խառնակիչ, թափթփող, խանգարող, վախեցնող կերպար է` չարաճճի ծաղրածու: Բարեկենդանը, լինելով ուրախության, կատակների տոնախմբություն, կերուխումի, դիմակահանդեսի տոն, չէր կարող չունենալ այդ կերպարը: Նրան տարբեր շրջաններում տարբեր անուններ են տվել: Բացի դրանից, ամեն ոք իր պատկերացումն ուներ նրա տեսքի մասին: Որոշ տեղերում Նոզայ խաղացողի դեմքին, ձեռքերին ալյուր էին քսում, ցանում էին շորերի վրա: Բոլոր դեպքերում նա զվարճացնում էր, խառնաշփոթ ստեղծում: Երբեմն նրան բաժին էին տալիս, որ հանգստանա, համոզում էին, որ գնա: Նոզայի դիմակը կարելի է պատրաստել սև գույնի ստվարաթղթով, վրան կպցնել տարբեր գույնի ժապավենի նման կտորներ: Հագուստը` թափթփված, մի փոքր մեծ: Գլխին կարելի է դնել մորթուց փափախ (գլխարկ): Ավելի հարմար կլինի, որ Նոզայ դառնա որևէ բարձրդասարանցի:
  • Հարսի և փեսայի տիկնիկները պետք է պատրաստել ծիծաղելի և տգեղ:
  • Ակլատիզը միշտ հիշեցնում է պասի մասին, ՙպասի հսկիչն՚ է: Երբ ցանկանում են պասի ժամանակ արգելված կերակուր ուտել, Ակլատիզը հիշեցնում է` չի կարելի: Մեծերը նրանով միշտ վախեցրել են փոքրերին: Ակլատիզը պատրաստում են սոխի գլխից (երբեմն` կարտոֆիլից): Սոխն ամրացնում են խաչաձև փայտի գլխին, մեջը յոթ փետուր խրում, որոնք պասի յոթ շաբաթներն են խորհրդանշում: Ամեն շաբաթվա վերջին օրը մի փետուր են հանում: Վերջին փետուրը հանում են Զատիկին նախորդող շաբաթ օրը. հաջորդ օրը Զատիկն է:Ակլատիզի թևերին կախում են կծու պղպեղներ, քարեր, կոճակներ, որոնք իբր ՙընկնում են պասը խախտողի գլխին՚ կամ պասը խախտելիս աղմկում են:
  • Ուտիս տատը ազատության, կերուխումի հովանավորն է:

Աքլորակռիվ

Աջ ձեռքով մեջքի կողմից բռնում են ծալված ձախ ոտքը և թռչկոտելով աջ ոտքի վրա` ուսով այնքան են իրար թեթևակի խփում, մինչև խաղացողներից մեկը վայր է ընկնում, պարտվում:

Գոմշակռիվ

Խաղացողները չորեքթաթ իրար հրում են ուսերով: Նույնը կատարում են կանգնած: Խաղում են կատակով` աշխատելով պարտվել:

Խաղ Նոզայ

Անհրաժեշտ պարագաները խորանարդիկներ կամ այլ իրեր են, որոնք իբր թե ուտելիք են, Նոզայի դիմակ, որևէ կենդանու` թղթից պատրաստված պոչեր, թել, արկղ:

Խաղի ընթացքը

Խաղին մասնակցում է 8 -10 երեխա: Հատակին թելով ուղղանկյուն են ստանում. Դա «սեղանն» է: Սեղանից 3-5 մետր հեռու դրվում է Նոզայի արկղը: Երեխաները  «սեղանին» շարում են «մրգերը» (խորանարդները) , մեկը դառնում է խաղավար և մյուսների հետ նստում  սեղանի» մոտ: Այնպես են նստում, որ սեղանի մի կողմը բաց մնա: Մեկն էլ Նոզայ է դառնում, կանգնում սեղանից հեռու` իր արկղի մոտ: Հնչում է պարային երաժշտություն: Պարելով գալիս է Նոզայը: Նա պարում է, ծամածռություններ անում` մյուսների ուշադրությունը շեղելու համար, հարմար պահ ընտրելով` փորձում է սեղանից «ուտելիք» փախցնել և գցել իր արկղի մեջ: Եթե մինչև երաժշտության ավարտը (այն կարող է դաստիարակն անջատե) Նոզայը կարողանում է խորանարդ փախցնել, մի պոչ է ստանում` որպես խրախուսանք, եթե չի  կարողանում, ուրիշն է դառնում Նոզայ: Եթե Նոզայը կարողանում է 2 անգամ պոչ ստանալ, փոխվում են «սեղանակիցները»:

Ծիսակատարություն

Ամբողջ ընթացքում ուղտն իր համար շրջում է, պարում, ուրախանում:

Տոնն սկսում է Մեծ տատը.

_Ահա եկան հայոց ազգի օրերը,

Հանեցեք հիները, հագեք նորերը:

Հետո հրավիրում է սեղան գցելու: Պատրաստում են ուտելիքներով լի սեղան: Հագնում են դիմակներն ու հանդերձանքը:

Մեծ ու փոքր իրար հետ երգում ու խաղում են «Թագվորի մեր»  երգը: Մեծ տատը զարմանում է.

_ Թագվորի մեր, վախեցա՞ր, դե դուրս արի:

Սկեսուրի տիկնիկը խաղացնելով` մայրիկի հետ առաջ է գալիս ՙթագվորի մերը՚:

Նրան ծաղրում են: Մեծ տատն ասում է.

_ Արի’, պառա’վ, քեզ գովենք, ջաղացից ելած դևի նման ես:

Երեխաների մի խումբ. _ (ծաղրելով) Աչքդ փոս է, քիթդ ծուռ է, փետրահան հավի նման ես:

Մի ուրիշ խումբ. _ Երեսիդ միսն է գնացել, միայն ոսկորդ է մնացել:

Երրորդը. _Բերանդ ատամ չի մնացել, չորացած քոթուկի նման ես:

Չորրորդը. _ Վրա գլուխդ քրքրվել, պառաված շան նման ես:

Բոլորը երգում են  «Տրինո» երգը:

Մայրիկի հետ առաջ է գալիս ՙհարսը՚` հարսի տիկնիկը խաղացնելով.

— Ես խունջիկ-մունջիկ հարսիկն եմ, մեծ քիթ ունեմ սարի պես, ծուռ ոտքերով, կուզիկ մեջքով…

Փեսա.

_Ես էլ քաչալ փեսան եմ, գլխիս երկու մազ ունեմ ու ոտքերիս հասնող բեղեր:

Հնչում է զուռնան, Մեծ տատը աքլորակռիվ է կազմակերպում:

Աքլորակռվից հետո էշ պատվական կատակերգն են խաղում:  Խաղից հետո

ներս է մտնում Նոզայը: Բոլորը փախչում են այս ու այն կողմ: Նոզայն աշխատում է խառնել ամեն ինչ` հագուստները, առարկաները, սեղանի սպասքը և այլն: Մի փոքր անկարգություն անելով և Մեծ տատից իր բաժինը` խնձոր ստանալով` հեռանում է:

Ծաղրանքները սովորողներն են հորինում,  և ծրագրում բերված նմուշները փոխարինվում են նրանց հորինածներով:

Նորից ուրախություն է, երգում են «Մի էծ ունեմ ուլերով» երգը: Ամբողջ ընթացքում Ուտիս տատը որևէ մեծի հետ երեխաներին տարբեր ուտեստներ է հյուրասիրում:  Արտասանում են կատակային խաղիկներ, կատակում են իրար հետ, իրար հյուրասիրում:

Գալիս է Ակլատիզը:

Ակլատիզ. _Ուտել խմելը պրծա~վ, յուղն ու պանիրը պրծավ, ոչ մի չորթան ու թթու թան: Պասի օրերը եկան:

Ուտիս տատ. _Ա’յ Ակլատիզ, պասը կանցնի, Զատիկ կգա, Ուտիս տատին սպասող միշտ կա:

Խումբն ասում է .

_Տատը գնաց` շերեփը ձեռքին,

Պապը եկավ` ճիպոտն ուսին:

Տատն ու երեխաները միասին արտասանում են.

_Ակլատիզ, չվանը վիզ,

Եկավ մեզ հյուր, կախվավ երդիս:

Յոթը շաբաթ քարքաշան,

ճժեր հալան ու մաշան:

Երեխաներից մեկը._

Մեծ պասն եկավ, տես ինչ բերեց:

Խումբ._

Հիսուն օրեր հետը բերեց,

Սոխ ու սխտոր կանոն դրեց,

Փորիս հալը շատ վատ եղավ:

Բարով եկար, զեյթուն քեռի,

Հազար բարի օրհնած լոբի:

Բոլորը միասին.

-Եկանք ի Բարեկենդան, կերթանք ի Զատի~կ:

Ձեզ` Բարեկենդան, մեզ` բարի Զատիկ:

Տոնախմբությունն ավարտվում է ՙԳնացեք, տեսեք՚ երգով: Ակլատիզին կախում են առաստաղից կամ դնում են խմբում` տեսանելի տեղում, մինչև Զատիկ ամեն շաբաթ նրանից մի փետուր են պոկում: Ուտիս տատի տիկնիկը պահում են մինչև Զատիկ:

Ծեսը կարող է այլ ընթացք ունենալ: Պետք է հիշել և կարևորել` բարեկենդանի ծեսին

բոլորն ուրախացել են, կատակել, երգել, պարել, կերել, խմել, խաղացել տարբեր խաղեր,

կազմակերպել տարբեր ներկայացումներ,

ծաղրել են բոլորին` տերտերին, հարսին, փեսային, թագավորին, դատավորին,

միշտ ներկա են եղել  Ուտիս տատն ու Ակլատիզը,

միշտ ուղտ են պարեցրել:

Բարեկենդանից հետո սկսվում է Մեծ պասը:

Շնորհակալություն` Աիդա Պետրոսյան … Դու եղել ես,կաս ու կլինես…

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s