Рубрика: Տեսանյութեր, Իմ մարմինը

Իմ մարմինը

Նախակրթարանում մենք «Իմ մարմինը» նախագիծ իրականացրինք: Սկզբում կարծում էինք, որ դա կարճ կտևի, գուցե ոչ այնքան գրավիչ լինի: Մեզ ոգևորել էր իտալացի բժիշկ-մանկավարժ Մարիա Մոնտեսորին:

Մոնտեսորի, զարմանալի, հիանալի, նուրբ ու նրբանկատ, մեր ուղեկից:

Բարև, ես քո մարմինն եմ…

Սկսեցինք ծանոթանալ մեզ, մեր մարմնին, նրա հնարավորություններին, նկատել-տեսնել բաներ, որոնց մասին մինչ այդ չէինք էլ մտածել: Հաշվեցինք, համեմատեցինք, թվարկեցինք, հետազոտեցինք, հայտնագործեցինք, երևակայեցինք. ինչը ինչի՞ համար է, ի՞նչ գործողություն է անում:

Օրինակ` քիթը հետազոտելիս Նարեն ասաց, որ այն փռշտալու համար է, Աննան` մաքրելու, Անին էլ`հոտ քաշելու, ակնոցը պահելո՜ւ: Հանկարծ զարմացանք՝ ինչ հետաքրքիր քթեր կան՝ ասենք փղի քիթը, որ կնճիթ է: Պարզեցինք, որ ականջը ականջօղի համար է, նաև փսփսալու, գլուխը քորելու, մտածելու, փող աշխատելու համար է: Երբ համեմատում էինք կենդանիների և թռչունների հետ, Լիան զարմացած ասաց.
— Ի՜, կենդանիներն էլ ունե՞ն երկու ականջ, հա՜, իմացա, անուններն են ուրիշ՝ բերան-երախ-կտուց, եղունգներ–ճանկեր, ձեռքեր-թևեր

Հետո սկսեցինք հաշվել`ես ունեմ երկու աչք, երկու ականջ, մեկ քիթ, երկու ձեռք, երկու ոտք, որին հաջորդեցին զգացմունքները, հույզերը… Ի՞նչ է զգացմունքը, էմոցիան: Ինչի՞ համար են տրված մարդուն: Հարցը հուզու՞մ է ձեզ: Ուրեմն՝ լսեք 2-4 տարեկանների Բլբլոց ռադիոն։

Երբ սովորելը ապրելու նման բնական է, այդ ժամանակ վերանում են ցանկացած խոչընդոտ ու արգելք, էլ ի՜նչ դժվարություն, ինչ տրտնջոց: Ոնց որ ասես՝ չեմ սիրում ապրել: Գաղտնիք չէ, որ 3 տարեկան երեխաներն օրվա ընթացքում բազմաթիվ հարցեր են տալիս, և գաղտնիք չէ նաև, թե որքան կարևոր է դրանց պատասխանները հայտնագործելը: Ոչ թե ուրիշից լսելը, այլ՝ հայտնագործելը:

Ստացվում է՝ պատասխանում ենք երեխաների հարցերին հենց իրենց միջոցով ու հնարավորություն ենք տալիս երեխային վստահելու իր ուժերին, ունենալու կայուն ինքնագնահատական, և իհարկե իմացումի հրճվանք:

Նկարեցինք ու ծեփեցինք մեզ, մեր զգացողությունները, տրամադրությունները, փորձեցինք համ ու հոտերը, անգամ նկարագրեցինք-գնահատեցինք դրանք: Զարմացել էինք՝ ինչքան տարբեր համեր ու հոտեր կան: Ինչքան գունավոր են համերն ու հոտերը: Այս մասին երևի ոչ ոք չի՞ մտածել: Բայց առիթն եղավ, ու 2-5 տարեկանները մտածեցին:

Այս համատեղ նախագծի ընթացքում տարբեր հոտերը հաճույք պատճառեցին, ձայները` ևս: Ինչպես են զգում և տարբերում իրենց շուրջ գտնվող առարկաների անվտանգ կամ վտանգավոր լինելը: Ինքնաբերաբար են կարողանում պատմել իրենց վախերի մասին և հաղթահարել դրանք: Այդ ընթացքում յուրաքանչյուր գործունեության մեջ օգտագործեցինք բնական միջոցներ, պլաստիլին, որը սաներն իրենք էին պատրաստում բնական միջոցներով՝ ավազով, կավով:

Եվ այս ամենին լրացնում է մեդիամիջավայրը՝ ձայնագրիչը, ֆոտոխցիկը և էլեկտրոնային գրատախտակը:
Իհարկե, նախագիծը չի ավարտվել: Ոչ միայն այն պատճառով, որ մեզ ճանաչելու դեռ շատ բան ունենք, այլև՝ որ կյանքը չի ավարտվում, հետևապես չի ավարտվում նաև ինքնաճանաչողությունն ու զարգացումը: