Рубрика: Տեսանյութեր

Բարձունքը հաղթահարված է։

Նամակ դասավանդողով. «Այս անգամ սեբաստացի մեծ ու փոքրով գրավելու ենք Մեծ Շարայի լեռներն ու հասնելու ենք Սուրբ Հովհաննես. Մայիս 28.2022թ.»։

Դե ինչ, 9։00 Սուրբ Երրորդության բակում զանգերի ուղեկցությամբ և օրհնանքով մոտ 80 սեբաստացի ծնող, սան, դասավանդող ճանապարհ ընկանք։ Մեր առաջին կանգառը Ապարանի «Գնթունիք»-ի գրավումն էր ազգային ծիսական խրոխտ պարերով։ Դե ինչ, շարունակեցինք. Տիգրան Զոհրաբյանի հրահանգումները լսելուց հետո շարան կազմած՝ շարժվեցինք դեպի քարանձավ քայլքով։ Շնչառությունը՝ անսպառ, թոքերը՝ 100% թթվածին ստացած, արյունը երակներում խաղաղ սավառնում է, հասնում գլխուղեղ ու նորից խաղաղ սահում դեպի սիրտ։ Աջ ես նայում, ձախ ես նայում ու խենթանում՝ աննկարագրելի, անիմանալի բնություն, աշխարհ, կտավ, նկար, ժամանակ առ ժամանակ սթափվում ես առաջնորդի՝ Տիգրանի ձայնից, ով տալիս էր իր ցուցումները , որից հետո նորից կորչում էս սիրուն աշխարհում, ճախրում երկնքում, կորչում ամպերի մեջ ու նորից իջնում ցած, պառկում -հպվում հողին, խոտին, թփին, լիցքավորվում ու նորից սավառնում։ Էս վերուվարով հայտնվում ես քարանձավում, շշմելու։ Մաքրամաքուր աշխարհ՝ կտրված քաղաքի փոշուց ու աղբից։ Փորձում ես արագ-արագ լիցքավորել թոքերդ, սիրտդ ու միտքդ ու դեռ ուշքի չեկած՝ հայտնվում ես արդեն Սուրբ Հովհաննես եկեղեցում։  Սեբաստացիներս՝ յուրաքանչյուրս իր ուխտով ու հավատքով բարձրացած, եկեղեցում աղոթք առ Աստված շարականով, իսկ բակում արդեն բոլորիս հավաքեց շուրջպարը՝ ազգային ու ծիսական երգերով։ Մեզնից յուրաքանյուրը, ձեռք ձեռքի բռնած, մյուսին էր փոխանցում իր ստացած էներգիան։ Պարընկերոջ ձեռքն էլ ավելի ամուր էիր բռնում ու վայելում երակներումդ հոսող արյան խաղը, իսկ ոտքերդ կտրվում էին հողից, ու անեզր երկնքում սավառնում , սավառնում ու սավառնում էիր։

Հզոր թիմ, հզոր սեբաստացիների մի մեծ ընտանիք։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրին։ Բարձունքը հաղթահարված է, աղոթքը՝ առ Աստված։ Խաղաղ, անամպ երկիր ու երկինք բոլորիս։

Լուսանկարը՝ Նունե Խաչիկօղլյանի

Рубрика: Տեսանյութեր

Քնախաղ

Սեպտեմբերի 9-ին սկսեցինք դաստիարակների  սեմինար-պարապմունքները։ Այս անգամ լուսանկարչության պարապմունք էր Արմինե Թոփչյանի հետ։ Քոլեջի բակում զրուցեցինք, քննարկեցինք և ստացանք հանձնարարություն՝ նկարել այն ամենը, ինչ կորսան աչքը, միտքն ու սիրտը։ Սկսեցի լուսանկարել բակում, ինչպես բոլորը, բայց պատուհանից աչքս ընկավ  2-5 տարեկանների «քուն-ներկայացումը» կամ «քնախաղ»-ը, ինչպես վերնագրել եմ։ Վազեցի ներս. էմմա Տերտերյանի խմբում մի մասը քնած էր, իսկ մի քանիսը պայքարում էին քնի դեմ՝ ներկայացնելով իրենց հեղինակային քնախաղը՝ ձեռքերի, ոտքերի, մատների խաղ՝ քնաթաթախ աչուկների, դեմքի միմիկաներով շաղախված, որոնք երբեմն-երբեմն ուղեկցվում էին ժպիտով ու շռայլորեն փոխանցվում ինձ։ Մի սիրուն խաղ-ներկայացում ստացվեց։ Վայելե՛ք…
Рубрика: Տեսանյութեր

Պարը նախակրթարանում հենց խաղն է, թռիչքը, հաշիվը, ծափը…

2020թ. հունվարի կեսերից ստեղծվեց դաստիարակների պարային համույթը։ Ընթացքում որոշեցինք նաև մեր՝ 2-4 տարեկանների դաստիարակների պարային խմբի անունը՝ «Նռանե»։ Կարծում եմ` շատ գեղեցիկ անուն է, նազանք ու սեթևեթանք կա արտասանության մեջ. այն հայուհու հին հայկական անուն է։

2-4 տարեկանների լաբորատորիայի բլոգում բացեցինք համանուն բաժին, որտեղ զետեղված են բոլոր սեմինար-պարապմունքները և տեսաֆիլմերը։ Յուրաքանչյուր պար սովորելուց առաջ պարուսույց Լաերտ Գրիգորյանը տալիս է որոշակի տեղեկատվություն տվյալ պարի մասին՝ երբ են պարել այդ պարը, պարի միջոցով ինչ են ցանկացել փոխանցել միմյանց։ Կան պարեր, որոնք երկխոսություն են, որոնք ազդարարում են ինչ-որ բանի սկիզբ, խրոխտ են։ Ազգային պարերի մեջ միշտ առաջին տեղում են հայի հպարտությունը, հզորությունը և միևնույն ժամանակ՝ մարդու հեզությունը։ Պարի միջոցով փոխանցվում են էներգիա, տրամադրություն։ Մարմնի խաղին միանում է նաև հոգու ցնծությունը։ Պարը, երաժշտությունը, խաղը ունեն լեզու, երանգ և տրամադրություն, ինչն արտահայտվում է պարելիս։ Պարը «խոսում է» մեզ հետ, պատմում, ներկայացնում իր պատմությունը։

2-4 տարեկանների պարային համույթին միացան նաև 5 տարեկանների դաստիարակները՝ Անահիտ Գրիգորյանը, Լիլիա Զախարյանը և Մարգարիտ Թամազյանը: Հետագայում այնպես ստացվեց, որ սեմինար-պարապմունքը վերածվեց ակումբի, որին միացավ նաև ծնաղական համայնքը: Պարային ոգին կրթահամալիրից մտավ ընտանիք, և սկվեց մեր համատեղ աշխատանքը: Ամեն համերգից առաջ ծնողական համայնքը «Նռանե» պարային համույթի հետ մասնակցում է փորձերին, ապրում սեբաստացիական խենթ ու վարակիչ միջավայրում և ուրբաթ-համերգներին հաշվետու ելույթով հանդես գալիս։ Սեմինարներին աստիճանաբար ներգրավելով ընտանիքը, ընտանիքն էլ իր հերթին՝ ընկեր-բարեկամին՝ պարը հանպատրաստից մտնում է յուրաքանչյուրի տուն: Կրթահամալիրի բաց լինելու, թափանցիկության, ազատ միջավայրի շնորհիվ է ծրագիրը ազատ ճախրում և գտնում իր հասցեատիրոջը։ Չկան ծածուկ, թաքուն, գաղտնի պարապմունքներ, կան բաց, բացօթյա պարապմունքներ, չկան սահմանզատումներ․ մեր կրթությունն անսահման է և անեզր:  Հաճախակի ենք ելույթ ունենում ուրբաթ-համերգների, ծեսերի, միջոցառումների ժամանակ: Մենք բաց ենք, թափանցիկ և վարակիչ: Վարակվե՛ք սեբաստավիրուսով, որը չի պահանջում ո՛չ մեկուսացում, ո՛չ պատվաստանյութի ստեղծում․ պարզապես պահանջում է հրճվանք և միասին ապրելու ցանկություն։ Յուրաքանչյուր երկուշաբթի, ժամը՝ 13:30-14:30, պարային ակումբի բաց պարապմունքներն են, որոնց կարող է միանալ յուրաքանչյուր մարդ, որը պատրաստ է իր մեջ կրել և տարածել ազգային ոգին և սերը:

Կարի լաբորատորիայի մասնագետների աշխատանքների շնորհիվ «Նռանե» պարային համույթը շուտով կունենա տարազային համազգեստ՝ ստեղծելով իր բրենդը։ Կշարունակենք պարել և համագործակցել պարային նախագծերով այլ խմբերի հետ նույնպես։

«Վստահ, ազատ, միամիտ, քնքուշ, նուրբ, վեհ, եռանդուն, լուրջ, համեստ, վայելուչ: Հայ գեղջուկ պարը կիրք զարթնեցնող շարժումներ չունի և զգացմունքներն արտահայտում է ոչ թե մեղկ, մոլի, կատաղի, հրապուրիչ և այլ շարժումներով, այլ պարերգերի միջոցով: Ազգի մը քաղաքակրթությունն է կապված իր պարին շարժումներու զարգացումը»: Կոմիտաս

«Նռանե» պարային համույթի ցանկացած մասնակից արդեն տիրապետում է իր մարմնի շարժումներին, գիտի՝ որտեղ է ճկուն, որտեղ է թերանում, ինչպես կարելի է խաղալ կամ մարզվել, ինչպես հարմարեցնել շարժումները սաների տարիքին համապատասխան, որպեսզի միանա երաժշտությունը, և ծնվեն խաղիկներ, խաղերգեր, պարերգեր: Այսպես օրինակ՝ ինչպես խնոցի խաղալուց ոտքերը ետ ու առաջ տանել, որ ճոճք դառնա, ինչպես թաշկինակը ձեռքում ռիթմիկ ցատկել և ավելացնել ծափեր, ապրել հրճվանք: Պարը նախակրթարանում հենց խաղն է, թռիչքը, հաշիվը, ծափը, ոչ թե հավասար, մեկ գծով թաթ-կրունկ հրահանգները, սլացիկ քայլքը։ Սանն այդ ամենը կանի՝ երգի հնչյունները լսելով, այնպես, ինչպես կզգա, ինչպես մարմինն է թելադրում:

Մինչև նախագիծը կազմելը առավոտյան մարմնամարզությունն անում էինք արտասահամանյան երաժշտության ուղեկցությամբ, կարաոկեներով: Մի պարապմունքի ժամանակ երաժշտությունը փոխվեց. պարզվեց, որ ազգային երաժշտության, պարեղանակի, դհոլի ձայնի ուղեկցությամբ մարզանք անելը շատ ոգևորիչ  և հաճելի է: Ընտրեցինք առավոտյան պարապմունքի այս տարբերակը: Հիմա այդպիսի երաժշտության ուղեկցությամբ ենք մարզվում։ Ազգային երաժշտությունը, հատկապես քոչարիի, յարխուշտայի հնչյունները երեխաներին ավելի են ոգևորում, շարժումներն ավելի մարզական են դառնում: Թռչում են, ոտքով խփում գետնին, տարբեր ձայներ են հանում, հրճվում: Սկզբում մենք ուղղություն էինք տալիս, հետո ազատ թողեցինք։ Ընթացքում դաստիարակներով սկսում ենք պարել սեմինարների ժամանակ յուրացրած պարերը և փորձում դրա մեջ ներառել նաև ծնողին։ Առավոտյան ծեսի (կամ այլ ծեսերի) ժամանակ փորձում ենք մեր իմացածը փոխանցել ծնողին, իսկ սանն էլ կրկնօրինակում է այնպես, ինչպես իրեն հարմար է․ կարևորը զգում է ազգայինի երաժշտությունը, պարեղանակները։ Չէ՞ որ պարերը, թափառելով երկրեերկիր, թաղեթաղ, փողցեփողոց, ապրելով երկար տարիներ, դարեր, տեսակավորվել են, ճյուղավորել, ձևավորել բազմաթիվ տարբերակներ։ Այդպես էլ երաժշտության դաստիարակներին շատ հավես շարժումներ կարող են փոխանցել 2-5 տարեկաների ինքնաբուխ շարժումները, որոնցից կծնվեն նոր պարեր: Նախակրթարանի ծրագրում եղած խաղերն ենք խաղում՝ «Քուրիկ Զիզի», «Խնոցի», «Ջաղաց», «Աղվես» և այլն, որոնք և՛ բանավոր խոսքով են, և՛ երգով, և՛ խաղով: Ծնողներն այս ամենը տեսնում, սովորում և տանում են տուն: Կարևոր է, որ դաստիարակը խմբում շատ պարի, սեմինարներից հետո անպայման խմբասենյակ տանի պարը և սաների ներկայությամբ ներկայացնի յուրացրածը։ Շատ լավ է, որ մանկապարտեզը կապ ունի ժողովրդական պարեր կատարող պարուսույցի՝ Լաերտ Գրիգորյանի խմբի կամ խմբերի հետ։ Դա լավ հնարավորություն է տալիս, որ երեխաները դիտեն նրանց ելույթները, նույնիսկ մասնակցեն, անունով ճանաչեն և մտերմանան պարողների հետ, համատեղ նախագծեր մշակեն և փոքր խմբերով մտնեն նախակրթարաններ «Սովորող-սովորեցնող» նախագծով:

Եթե սաներն արդեն յուրացրել, սովորել են պարերգը, ապա ավելի լավ է, որ պարելիս երգեն կամ պարերգը սովորեն պարի հետ միաժամանակ: Կարելի է նաև երեխաներից թմբկահար, դպրոցի սաներից շվիահար ընտրել, թմբկահարը ապահովի ռիթմը, տա պարը ազդարարելու սկիզբը և ավարտը: Եթե պարը պարզ է, այսինքն` երեխաները պարում են իրենք իրենց, ազատ ձևերով, ուրեմն՝ թմբկահարի գործը շատ հեշտ է, պարզապես գտնում է պարին հարմար ռիթմը և ստեղծագործում:

Ցանկալի է, որ ունենան իրենց պարի շորերը` տարազը՝ պարզ հասարակ, հարմար: Ցանկալի է պարը կազմակերպել բացօթյա՝ բնության մեջ, այգիներում, պուրակներում։ Խմբասենյակում կազմակերպելու դեպքում շատ հարմար են մարզական հարթակները, գորգերը։ Խմբասենյակում կարելի է հայելիներ ամրացնել, որպեսզի նայեն և կրկնօրինակեն շարժումները, իսկ տարածքը միշտ պիտի լինի օդափոխվող և ախտահանված։

Պարը գեղեցիկ է և բնական, երբ պարում են տարբեր տարիքի երեխաներ։ Երբ 5 տարեկանների խումբը յուրացնի պարը, նրանց կարելի է միացնել փոքրերին, որպեսզի մեծերին նայելով՝ ավելի արագ ու սիրով սովորեն պարել: Փոքրերի պարը պետք է լինի շատ պարզ` քայլել նվագի ուղեկցությամբ, միմյանց ձեռքից բռնած՝ շարժվել աջ ու ձախ, ձեռքերը շարժել, ծափ տալ, տեղում պտտվել և այլն: Ընթացքում հարկավոր է աստիճանաբար հղկել, կոկել, նրբացնել ու մանրել շարժումները, ոտքերի, ծնկների շարժումները պարային համակարգի բերել: Շատ կարևոր են ազատ, ինքնաբուխ պարերը։ Երբ երեխային լրիվ ազատություն է տրվում, նվագը լսելով՝ նա սկսում է մենապարել, պտտվել ու թռչկոտել ըստ իր ցանկութան, կամաց-կամաց նրան են միանում ընկերները, և սկսում է պարային մենամարտ հավես խաղը: Կարելի է նրանց հուշել, որ նմանակեն որևէ կենդանու և նրա պես պարեն:

Պարային հավես շարժումներ են ստեղծվում խաղողածեսի ժամանակ, երբ ոտաբոբիկ սկսում են համաչափ ճզմել խաղողը, տրորել և չլմփացնել ռիթմիկ շարժումներով, լողավազանի մեջ՝ չլմփոցներով, տկլորիկ փորիկերին ռիթմիկ հարվածելով պարելով, ջրում երաժշտություն և շարժում հորինելով և այլն։ Ամեն ինչում և ամեն տեղ կարելի է պարային շարժում և պար ստեղծել կենդանի պարերգերի ուղեկցությամբ, հարվածային գործիքներ ստեղծելով, ինչպես օրինակ՝ ջրի չլմփոց, ոտքերի հարված, ծափ, դույլ-թմբուկ, շիշ-շրխկաններ, քար-շրխկաններ…

Երբ սանը ցանկանա պարել, նրան չպետք է արգելել, ինչ ժամանակ ու հանգամանքներ էլ լինեն, թող պարի՝ ստեղծագործի:

Նախակրթարաններում ստեղծել ենք երաժշտական գործիքների հատված, որը կոչվում է երաժշտական պատ: Այն շարժական է։ Պատին փակցված են զանազան նվագարաններ: Նվագարանների մի մասը ամրացված է, մի մասը դրված է սաներին հասանելի մասերում, մի քանիսը խմբասենյակի տարբեր մասերում շաղ են տված, առաստաղից առաձգական թելով կախված են…Նվագարանները տարբեր չափերի և տիպերի են՝ թմբուկներ, դափեր, գդալներ, փայտե և երկաթե, շրխաններ, թմբուկ կոպալով, կարկաչա, չխկչխկան, ճռիկ, զանգակներ, շվի, շրթհարմոն, դաշնամուր և այլն (ինքնաշեն երաժշտական գործիքներ՝ ստեղծված սաների ձեռքերով)։

Այս նվագարանները կարելի է պատրաստել նաև փոքր չափերով՝ փոքրիկ դաշնամուրներ, քսիլոֆոններ, տավիղներ, սուլիչներ և զանազան մանկական նվագարան-խաղալիքներ, որոնք կարելի է ազգային նվագարաններին զոգահեռ օգտագործել:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում խաղալիքներ, երաժշտական գործիքներ, շրխկաններ փորձում ենք ինքներս պատրաստել և դրանք անվանում ենք «ինքնաշեն» գործիքներ: Երբ ծանոթանում ենք տվյալ երաժշտական գործիքին, փորձում ենք ինքներս պատրաստել, և թեկուզ այն չհնչի այնպես, ինչպես իրական գործիքն է հնչում, բայց և այնպես, արտադրության գործընթացի հաճույքը և հետագայում այդ գործիքով խաղալը գերազանցում են բոլորիս սպասելիքները: Պետք է տեսնել նրանց հրճվանքը երաժշտական գործիքը ինքնուրույն ստեղծելիս, իսկ այդ ստեղծած գործիքից ձայնի վերարտադրումը գերագույն հաճույք է պատճառում նրանց, խենթանալու աստիճան հաճելի է։ Ահա՛ ձեզ իմացումի հրճվանքի ևս մի կարևոր դրսևորում:

Կարևոր է երեխային տալ ազատություն, չկաղապարել նրան, չթելադրել, թե ինչպես խաղալ ինքնաստեղծ գործիքով, թող նա հորինի, ստեղծի, երևակայի, մտածի: Երևակայությունից հետո հաջորդ քայլը ստեղծականությունն է, ստեղծագործենք ազատ և վայելենք այն: Կյանքով ուսուցում, որը անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանքը:

Դաստիարակը, ծնողը այն մարդիկ չեն, ովքեր ինչ-որ բան են սովորեցնում, այլ մարդիկ, ովքեր ոգեշնչում են, որ սանը, սովորողը ինքնուրույն բացահայտի, հայտնագործի ու ապրի իմացումի՝ իրեն հատուկ, յուրովի հրճվանքը:

Սաները այդ գործիքները պետք է ազատ օգտագործեն և խնամեն: Դաստիարակները չպետք է բողոքեն աղմուկից, որը դուր է գալիս երեխաներին: Երաժշտական գործունեությունը կարելի է իրականացնել նաև բացօթյա, բաց տարածության մեջ, հնչյուններին կմիանան թչունների ծլվլոցը, ծառերի խշշոցը, քամու մեղմ սուլոցը: Երաժշտականությունն անհրաժեշտ է ապահովել ամեն օր, ամեն ժամ։

Բոլոր խաղերի ընթացքում երեխան անընդհատ շարժման մեջ է: Երաժշտություն +պար+ խաղ + մարմնամարզություն + ազատություն և երևակայություն = կյանքի բնական ընթացք՝ ահա՛ մեր ուսուցման բանաձևը:

Երգ-երաժշտության յուրացումը կախված է նրանից, թե ինչպես է կազմակերպվում առօրյան, որովհետև երգն ու պարը պիտի ոչ թե լինեն ինքնանպատակ, այլ օգնեն, լրացնեն, գեղեցկացնեն, թեթևացնեն օրվա գործերն ու աննկատ կատարեն իրենց գործը: Երգը և երաժշտությունը պետք է կիրառել ամենուր՝ խմբասենյակը հավաքելիս, սանի հագուստը փոխելիս, լվացվելիս, լողալիս, ինքնագլոր և հեծանիվ վարելիս։ Ուսումնական գործունեության ընթացքում մեզ միշտ ուղեկցում են բազմաթիվ երգեր՝

  • Արև, արև, եկ, եկ,
  • Արև, արև, արի դուրս,
  • Նուրին, նուրին,
  • Փայտե ձիուկ,
  • Հոպ, թռի,
  • Բասեն բարի,
  • Եկեք ծեծենք սոխն ու սխտոր և այլն։

Նախակրթարանը երգերը ընտրում է ծեսերի լաբորատորիայի ձայնադարանից  երաժիշտ դաստիարակի օգնությամբ:

Կից ներկայացնում եմ «Նռանե» պարային համույթի լուսաբանումները։

Рубрика: Տեսանյութեր

5տարեկանների մոլորակում

‎Քանի որ COVID-ն այցելեց 5տարեկանների դասվար Անահիտ Գրիգորյանին, առաջարկ ստացա փոխարինել, և հայտնվեցի 5տարեկանների մոլորակում։ Նորից սկսվեց իմացումի անծայրածիր հրճվանքը՝ սաների դիմավորում, բարև, ես … խենթություններ, մարզական խաղեր, հեծանվավարություն…

Նորից հեքիաթային ու բացահայտումներով ու անծայրածիր հարցադրումներով, ազատ ու թափանցիկ, ստեղծական ու երևակայական միջավայրում եմ, որտեղ ամեն վայրկյան նոր մտքեր ու ծրագրեր են ծնվում։

Գործունեության ընթացքում սանը ոչ միայն կիրառում-զարգացնում է իր ունեցած հմտություններն ու կարողությունները, այլև նախատեսում և իրականացնում է այլ գործողություններ, որոնք նոր հմտութուններ և կարողություններ կձևավորեն:

Рубрика: Տեսանյութեր

Դաստիարկների լաբորատորիա.Վարդավառի ծես

Ծեսի իրականացումը նախակրթարանում հենց ծես է` ուսումնական «արարողակարգ»: Սա սովորական ուսուցում չէ, սա միասին ապրել է, միասին ապրելու կրթություն ստանալ է՝ խաղով, երգ ու պարով, ավանդական և ոչ ավանդական տարրերով հագեցած: 
Դաստիարակը, ծնողը այն մարդիկ չեն, ովքեր ինչ-որ բան են սովորեցնում կամ թելադրում, այլ մարդիկ են, ովքեր ոգեշնչում են, որ սանը, սովորողը ինքնուրույն բացահայտի, հայտնագործի ու ապրի իմացումի՝ իրեն հատուկ, յուրովի հրճվանքը:
Ծեսի իրականացումն անարդյունավետ ու ինքնանպատակ կլինի, եթե այն չլինի կյանքով ուսուցում, որտեղ սանն ինքն է խաղում, բացահայտում, և այս ամենն անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանքը:

Նախակրթարանում, ինչպես և իրական կյանքում, ծիսական գործունեությունը որոշակի փուլեր է ենթադրում`

  • ծեսի նախապատրաստում,
  • ծիսակատարություն, որը ներառում է՝
    ծիսական երգեր, ոտանավորներ, պարեր,
    ազգային ծիսական խաղիկներ-թռնոցիներ,
    ծիսական տիկնիկներ, կերպարներ,
    ծիսական ուտեստներ և այլն։

«Վարդավառ, Անձրևաբեր ծեսեր» ուսումնական նախագիծ

Օրը՝ օգոստոսի 1
Ժամը՝ 10:00- 13:00
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ
Հասցեն՝ Երևան, Անդրանիկի 92/1, ղեկավար՝ Տաթև Բլեյան
Հեռ.` 010 74 00 22

Նախագիծ՝ «Վարդավառ, Անձրևաբեր ծեսեր» 

Վարդավառի և Անձրևաբեր ծեսի երգեր, երգերի տեքստեր

Ազգային պարերգեր

Ծեսի նախապատրաստական փուլ

Ընթացք

  • Տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են  Վարդավառի ծեսը,
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը,
  • սովորում են Վարդավառի ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • սովորում են պատրաստել  Խաչբուռ, որը կարելի է պատրաստել ինչպես  ցորենի հասկերից,  ( Դանիել Վարուժան, «Խաչբուռ » ),  այնպես էլ՝ ծաղիկներից,
  • ծիսական «Խնդում» պատրաստելու համար նախապատրաստում են վարունգ, խնձոր, վարդ, վարդի թփեր, ծղոտե զամբյուղ,
  • որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում են նախնական սցենարը:

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Մեդիագործիքներ

  • Հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ:

Նպատակներ

  • Ազգային մշակույթի յուրացում-տարածում,
  • ազգային ժառանգության փոխանցում,
  • ծանոթացում Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին:

Խնդիրներ

  • Ուսումնասիրել Վարդավառի ծեսը, ծիսական միջավայրը,
  • առանձնացնել ծիսական այն գործողությունները, ծիսական կերպարներին, որոնք առանցքային են, որոնց միջոցով իրականացվելու է ծեսը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրերում:

Ակնկալվող արդյունքներ

  • Վարդավառի ծեսի իրականացում 2-4 տարեկանների, ծնողների, համայնքի և գործընկերների հետ: Զգացողություններ, պատում-տպավորություններ սաների, դաստիարակների կողմից։ Հավաքած տեղեկությունների թվայնացում, ծիսական փաթեթի ստեղծում, տեղադրում բլոգում, գրադարանում, ենթակայքում, լուսաբանում-տարածում սոցցանցերում:

Մասնակիցներերաժշտության ուսուցիչներ, դաստիարակներ,ծնողներ, կրտսեր դպրոցի ղեկավարներ։