Рубрика: Տեսանյութեր

Բարձունքը հաղթահարված է։

Նամակ դասավանդողով. «Այս անգամ սեբաստացի մեծ ու փոքրով գրավելու ենք Մեծ Շարայի լեռներն ու հասնելու ենք Սուրբ Հովհաննես. Մայիս 28.2022թ.»։

Դե ինչ, 9։00 Սուրբ Երրորդության բակում զանգերի ուղեկցությամբ և օրհնանքով մոտ 80 սեբաստացի ծնող, սան, դասավանդող ճանապարհ ընկանք։ Մեր առաջին կանգառը Ապարանի «Գնթունիք»-ի գրավումն էր ազգային ծիսական խրոխտ պարերով։ Դե ինչ, շարունակեցինք. Տիգրան Զոհրաբյանի հրահանգումները լսելուց հետո շարան կազմած՝ շարժվեցինք դեպի քարանձավ քայլքով։ Շնչառությունը՝ անսպառ, թոքերը՝ 100% թթվածին ստացած, արյունը երակներում խաղաղ սավառնում է, հասնում գլխուղեղ ու նորից խաղաղ սահում դեպի սիրտ։ Աջ ես նայում, ձախ ես նայում ու խենթանում՝ աննկարագրելի, անիմանալի բնություն, աշխարհ, կտավ, նկար, ժամանակ առ ժամանակ սթափվում ես առաջնորդի՝ Տիգրանի ձայնից, ով տալիս էր իր ցուցումները , որից հետո նորից կորչում էս սիրուն աշխարհում, ճախրում երկնքում, կորչում ամպերի մեջ ու նորից իջնում ցած, պառկում -հպվում հողին, խոտին, թփին, լիցքավորվում ու նորից սավառնում։ Էս վերուվարով հայտնվում ես քարանձավում, շշմելու։ Մաքրամաքուր աշխարհ՝ կտրված քաղաքի փոշուց ու աղբից։ Փորձում ես արագ-արագ լիցքավորել թոքերդ, սիրտդ ու միտքդ ու դեռ ուշքի չեկած՝ հայտնվում ես արդեն Սուրբ Հովհաննես եկեղեցում։  Սեբաստացիներս՝ յուրաքանչյուրս իր ուխտով ու հավատքով բարձրացած, եկեղեցում աղոթք առ Աստված շարականով, իսկ բակում արդեն բոլորիս հավաքեց շուրջպարը՝ ազգային ու ծիսական երգերով։ Մեզնից յուրաքանյուրը, ձեռք ձեռքի բռնած, մյուսին էր փոխանցում իր ստացած էներգիան։ Պարընկերոջ ձեռքն էլ ավելի ամուր էիր բռնում ու վայելում երակներումդ հոսող արյան խաղը, իսկ ոտքերդ կտրվում էին հողից, ու անեզր երկնքում սավառնում , սավառնում ու սավառնում էիր։

Հզոր թիմ, հզոր սեբաստացիների մի մեծ ընտանիք։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրին։ Բարձունքը հաղթահարված է, աղոթքը՝ առ Աստված։ Խաղաղ, անամպ երկիր ու երկինք բոլորիս։

Լուսանկարը՝ Նունե Խաչիկօղլյանի

Рубрика: Տեսանյութեր

Քնախաղ

Սեպտեմբերի 9-ին սկսեցինք դաստիարակների  սեմինար-պարապմունքները։ Այս անգամ լուսանկարչության պարապմունք էր Արմինե Թոփչյանի հետ։ Քոլեջի բակում զրուցեցինք, քննարկեցինք և ստացանք հանձնարարություն՝ նկարել այն ամենը, ինչ կորսան աչքը, միտքն ու սիրտը։ Սկսեցի լուսանկարել բակում, ինչպես բոլորը, բայց պատուհանից աչքս ընկավ  2-5 տարեկանների «քուն-ներկայացումը» կամ «քնախաղ»-ը, ինչպես վերնագրել եմ։ Վազեցի ներս. էմմա Տերտերյանի խմբում մի մասը քնած էր, իսկ մի քանիսը պայքարում էին քնի դեմ՝ ներկայացնելով իրենց հեղինակային քնախաղը՝ ձեռքերի, ոտքերի, մատների խաղ՝ քնաթաթախ աչուկների, դեմքի միմիկաներով շաղախված, որոնք երբեմն-երբեմն ուղեկցվում էին ժպիտով ու շռայլորեն փոխանցվում ինձ։ Մի սիրուն խաղ-ներկայացում ստացվեց։ Վայելե՛ք…
Рубрика: Տեսանյութեր

Պարը նախակրթարանում հենց խաղն է, թռիչքը, հաշիվը, ծափը…

2020թ. հունվարի կեսերից ստեղծվեց դաստիարակների պարային համույթը։ Ընթացքում որոշեցինք նաև մեր՝ 2-4 տարեկանների դաստիարակների պարային խմբի անունը՝ «Նռանե»։ Կարծում եմ` շատ գեղեցիկ անուն է, նազանք ու սեթևեթանք կա արտասանության մեջ. այն հայուհու հին հայկական անուն է։

2-4 տարեկանների լաբորատորիայի բլոգում բացեցինք համանուն բաժին, որտեղ զետեղված են բոլոր սեմինար-պարապմունքները և տեսաֆիլմերը։ Յուրաքանչյուր պար սովորելուց առաջ պարուսույց Լաերտ Գրիգորյանը տալիս է որոշակի տեղեկատվություն տվյալ պարի մասին՝ երբ են պարել այդ պարը, պարի միջոցով ինչ են ցանկացել փոխանցել միմյանց։ Կան պարեր, որոնք երկխոսություն են, որոնք ազդարարում են ինչ-որ բանի սկիզբ, խրոխտ են։ Ազգային պարերի մեջ միշտ առաջին տեղում են հայի հպարտությունը, հզորությունը և միևնույն ժամանակ՝ մարդու հեզությունը։ Պարի միջոցով փոխանցվում են էներգիա, տրամադրություն։ Մարմնի խաղին միանում է նաև հոգու ցնծությունը։ Պարը, երաժշտությունը, խաղը ունեն լեզու, երանգ և տրամադրություն, ինչն արտահայտվում է պարելիս։ Պարը «խոսում է» մեզ հետ, պատմում, ներկայացնում իր պատմությունը։

2-4 տարեկանների պարային համույթին միացան նաև 5 տարեկանների դաստիարակները՝ Անահիտ Գրիգորյանը, Լիլիա Զախարյանը և Մարգարիտ Թամազյանը: Հետագայում այնպես ստացվեց, որ սեմինար-պարապմունքը վերածվեց ակումբի, որին միացավ նաև ծնաղական համայնքը: Պարային ոգին կրթահամալիրից մտավ ընտանիք, և սկվեց մեր համատեղ աշխատանքը: Ամեն համերգից առաջ ծնողական համայնքը «Նռանե» պարային համույթի հետ մասնակցում է փորձերին, ապրում սեբաստացիական խենթ ու վարակիչ միջավայրում և ուրբաթ-համերգներին հաշվետու ելույթով հանդես գալիս։ Սեմինարներին աստիճանաբար ներգրավելով ընտանիքը, ընտանիքն էլ իր հերթին՝ ընկեր-բարեկամին՝ պարը հանպատրաստից մտնում է յուրաքանչյուրի տուն: Կրթահամալիրի բաց լինելու, թափանցիկության, ազատ միջավայրի շնորհիվ է ծրագիրը ազատ ճախրում և գտնում իր հասցեատիրոջը։ Չկան ծածուկ, թաքուն, գաղտնի պարապմունքներ, կան բաց, բացօթյա պարապմունքներ, չկան սահմանզատումներ․ մեր կրթությունն անսահման է և անեզր:  Հաճախակի ենք ելույթ ունենում ուրբաթ-համերգների, ծեսերի, միջոցառումների ժամանակ: Մենք բաց ենք, թափանցիկ և վարակիչ: Վարակվե՛ք սեբաստավիրուսով, որը չի պահանջում ո՛չ մեկուսացում, ո՛չ պատվաստանյութի ստեղծում․ պարզապես պահանջում է հրճվանք և միասին ապրելու ցանկություն։ Յուրաքանչյուր երկուշաբթի, ժամը՝ 13:30-14:30, պարային ակումբի բաց պարապմունքներն են, որոնց կարող է միանալ յուրաքանչյուր մարդ, որը պատրաստ է իր մեջ կրել և տարածել ազգային ոգին և սերը:

Կարի լաբորատորիայի մասնագետների աշխատանքների շնորհիվ «Նռանե» պարային համույթը շուտով կունենա տարազային համազգեստ՝ ստեղծելով իր բրենդը։ Կշարունակենք պարել և համագործակցել պարային նախագծերով այլ խմբերի հետ նույնպես։

«Վստահ, ազատ, միամիտ, քնքուշ, նուրբ, վեհ, եռանդուն, լուրջ, համեստ, վայելուչ: Հայ գեղջուկ պարը կիրք զարթնեցնող շարժումներ չունի և զգացմունքներն արտահայտում է ոչ թե մեղկ, մոլի, կատաղի, հրապուրիչ և այլ շարժումներով, այլ պարերգերի միջոցով: Ազգի մը քաղաքակրթությունն է կապված իր պարին շարժումներու զարգացումը»: Կոմիտաս

«Նռանե» պարային համույթի ցանկացած մասնակից արդեն տիրապետում է իր մարմնի շարժումներին, գիտի՝ որտեղ է ճկուն, որտեղ է թերանում, ինչպես կարելի է խաղալ կամ մարզվել, ինչպես հարմարեցնել շարժումները սաների տարիքին համապատասխան, որպեսզի միանա երաժշտությունը, և ծնվեն խաղիկներ, խաղերգեր, պարերգեր: Այսպես օրինակ՝ ինչպես խնոցի խաղալուց ոտքերը ետ ու առաջ տանել, որ ճոճք դառնա, ինչպես թաշկինակը ձեռքում ռիթմիկ ցատկել և ավելացնել ծափեր, ապրել հրճվանք: Պարը նախակրթարանում հենց խաղն է, թռիչքը, հաշիվը, ծափը, ոչ թե հավասար, մեկ գծով թաթ-կրունկ հրահանգները, սլացիկ քայլքը։ Սանն այդ ամենը կանի՝ երգի հնչյունները լսելով, այնպես, ինչպես կզգա, ինչպես մարմինն է թելադրում:

Մինչև նախագիծը կազմելը առավոտյան մարմնամարզությունն անում էինք արտասահամանյան երաժշտության ուղեկցությամբ, կարաոկեներով: Մի պարապմունքի ժամանակ երաժշտությունը փոխվեց. պարզվեց, որ ազգային երաժշտության, պարեղանակի, դհոլի ձայնի ուղեկցությամբ մարզանք անելը շատ ոգևորիչ  և հաճելի է: Ընտրեցինք առավոտյան պարապմունքի այս տարբերակը: Հիմա այդպիսի երաժշտության ուղեկցությամբ ենք մարզվում։ Ազգային երաժշտությունը, հատկապես քոչարիի, յարխուշտայի հնչյունները երեխաներին ավելի են ոգևորում, շարժումներն ավելի մարզական են դառնում: Թռչում են, ոտքով խփում գետնին, տարբեր ձայներ են հանում, հրճվում: Սկզբում մենք ուղղություն էինք տալիս, հետո ազատ թողեցինք։ Ընթացքում դաստիարակներով սկսում ենք պարել սեմինարների ժամանակ յուրացրած պարերը և փորձում դրա մեջ ներառել նաև ծնողին։ Առավոտյան ծեսի (կամ այլ ծեսերի) ժամանակ փորձում ենք մեր իմացածը փոխանցել ծնողին, իսկ սանն էլ կրկնօրինակում է այնպես, ինչպես իրեն հարմար է․ կարևորը զգում է ազգայինի երաժշտությունը, պարեղանակները։ Չէ՞ որ պարերը, թափառելով երկրեերկիր, թաղեթաղ, փողցեփողոց, ապրելով երկար տարիներ, դարեր, տեսակավորվել են, ճյուղավորել, ձևավորել բազմաթիվ տարբերակներ։ Այդպես էլ երաժշտության դաստիարակներին շատ հավես շարժումներ կարող են փոխանցել 2-5 տարեկաների ինքնաբուխ շարժումները, որոնցից կծնվեն նոր պարեր: Նախակրթարանի ծրագրում եղած խաղերն ենք խաղում՝ «Քուրիկ Զիզի», «Խնոցի», «Ջաղաց», «Աղվես» և այլն, որոնք և՛ բանավոր խոսքով են, և՛ երգով, և՛ խաղով: Ծնողներն այս ամենը տեսնում, սովորում և տանում են տուն: Կարևոր է, որ դաստիարակը խմբում շատ պարի, սեմինարներից հետո անպայման խմբասենյակ տանի պարը և սաների ներկայությամբ ներկայացնի յուրացրածը։ Շատ լավ է, որ մանկապարտեզը կապ ունի ժողովրդական պարեր կատարող պարուսույցի՝ Լաերտ Գրիգորյանի խմբի կամ խմբերի հետ։ Դա լավ հնարավորություն է տալիս, որ երեխաները դիտեն նրանց ելույթները, նույնիսկ մասնակցեն, անունով ճանաչեն և մտերմանան պարողների հետ, համատեղ նախագծեր մշակեն և փոքր խմբերով մտնեն նախակրթարաններ «Սովորող-սովորեցնող» նախագծով:

Եթե սաներն արդեն յուրացրել, սովորել են պարերգը, ապա ավելի լավ է, որ պարելիս երգեն կամ պարերգը սովորեն պարի հետ միաժամանակ: Կարելի է նաև երեխաներից թմբկահար, դպրոցի սաներից շվիահար ընտրել, թմբկահարը ապահովի ռիթմը, տա պարը ազդարարելու սկիզբը և ավարտը: Եթե պարը պարզ է, այսինքն` երեխաները պարում են իրենք իրենց, ազատ ձևերով, ուրեմն՝ թմբկահարի գործը շատ հեշտ է, պարզապես գտնում է պարին հարմար ռիթմը և ստեղծագործում:

Ցանկալի է, որ ունենան իրենց պարի շորերը` տարազը՝ պարզ հասարակ, հարմար: Ցանկալի է պարը կազմակերպել բացօթյա՝ բնության մեջ, այգիներում, պուրակներում։ Խմբասենյակում կազմակերպելու դեպքում շատ հարմար են մարզական հարթակները, գորգերը։ Խմբասենյակում կարելի է հայելիներ ամրացնել, որպեսզի նայեն և կրկնօրինակեն շարժումները, իսկ տարածքը միշտ պիտի լինի օդափոխվող և ախտահանված։

Պարը գեղեցիկ է և բնական, երբ պարում են տարբեր տարիքի երեխաներ։ Երբ 5 տարեկանների խումբը յուրացնի պարը, նրանց կարելի է միացնել փոքրերին, որպեսզի մեծերին նայելով՝ ավելի արագ ու սիրով սովորեն պարել: Փոքրերի պարը պետք է լինի շատ պարզ` քայլել նվագի ուղեկցությամբ, միմյանց ձեռքից բռնած՝ շարժվել աջ ու ձախ, ձեռքերը շարժել, ծափ տալ, տեղում պտտվել և այլն: Ընթացքում հարկավոր է աստիճանաբար հղկել, կոկել, նրբացնել ու մանրել շարժումները, ոտքերի, ծնկների շարժումները պարային համակարգի բերել: Շատ կարևոր են ազատ, ինքնաբուխ պարերը։ Երբ երեխային լրիվ ազատություն է տրվում, նվագը լսելով՝ նա սկսում է մենապարել, պտտվել ու թռչկոտել ըստ իր ցանկութան, կամաց-կամաց նրան են միանում ընկերները, և սկսում է պարային մենամարտ հավես խաղը: Կարելի է նրանց հուշել, որ նմանակեն որևէ կենդանու և նրա պես պարեն:

Պարային հավես շարժումներ են ստեղծվում խաղողածեսի ժամանակ, երբ ոտաբոբիկ սկսում են համաչափ ճզմել խաղողը, տրորել և չլմփացնել ռիթմիկ շարժումներով, լողավազանի մեջ՝ չլմփոցներով, տկլորիկ փորիկերին ռիթմիկ հարվածելով պարելով, ջրում երաժշտություն և շարժում հորինելով և այլն։ Ամեն ինչում և ամեն տեղ կարելի է պարային շարժում և պար ստեղծել կենդանի պարերգերի ուղեկցությամբ, հարվածային գործիքներ ստեղծելով, ինչպես օրինակ՝ ջրի չլմփոց, ոտքերի հարված, ծափ, դույլ-թմբուկ, շիշ-շրխկաններ, քար-շրխկաններ…

Երբ սանը ցանկանա պարել, նրան չպետք է արգելել, ինչ ժամանակ ու հանգամանքներ էլ լինեն, թող պարի՝ ստեղծագործի:

Նախակրթարաններում ստեղծել ենք երաժշտական գործիքների հատված, որը կոչվում է երաժշտական պատ: Այն շարժական է։ Պատին փակցված են զանազան նվագարաններ: Նվագարանների մի մասը ամրացված է, մի մասը դրված է սաներին հասանելի մասերում, մի քանիսը խմբասենյակի տարբեր մասերում շաղ են տված, առաստաղից առաձգական թելով կախված են…Նվագարանները տարբեր չափերի և տիպերի են՝ թմբուկներ, դափեր, գդալներ, փայտե և երկաթե, շրխաններ, թմբուկ կոպալով, կարկաչա, չխկչխկան, ճռիկ, զանգակներ, շվի, շրթհարմոն, դաշնամուր և այլն (ինքնաշեն երաժշտական գործիքներ՝ ստեղծված սաների ձեռքերով)։

Այս նվագարանները կարելի է պատրաստել նաև փոքր չափերով՝ փոքրիկ դաշնամուրներ, քսիլոֆոններ, տավիղներ, սուլիչներ և զանազան մանկական նվագարան-խաղալիքներ, որոնք կարելի է ազգային նվագարաններին զոգահեռ օգտագործել:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում խաղալիքներ, երաժշտական գործիքներ, շրխկաններ փորձում ենք ինքներս պատրաստել և դրանք անվանում ենք «ինքնաշեն» գործիքներ: Երբ ծանոթանում ենք տվյալ երաժշտական գործիքին, փորձում ենք ինքներս պատրաստել, և թեկուզ այն չհնչի այնպես, ինչպես իրական գործիքն է հնչում, բայց և այնպես, արտադրության գործընթացի հաճույքը և հետագայում այդ գործիքով խաղալը գերազանցում են բոլորիս սպասելիքները: Պետք է տեսնել նրանց հրճվանքը երաժշտական գործիքը ինքնուրույն ստեղծելիս, իսկ այդ ստեղծած գործիքից ձայնի վերարտադրումը գերագույն հաճույք է պատճառում նրանց, խենթանալու աստիճան հաճելի է։ Ահա՛ ձեզ իմացումի հրճվանքի ևս մի կարևոր դրսևորում:

Կարևոր է երեխային տալ ազատություն, չկաղապարել նրան, չթելադրել, թե ինչպես խաղալ ինքնաստեղծ գործիքով, թող նա հորինի, ստեղծի, երևակայի, մտածի: Երևակայությունից հետո հաջորդ քայլը ստեղծականությունն է, ստեղծագործենք ազատ և վայելենք այն: Կյանքով ուսուցում, որը անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանքը:

Դաստիարակը, ծնողը այն մարդիկ չեն, ովքեր ինչ-որ բան են սովորեցնում, այլ մարդիկ, ովքեր ոգեշնչում են, որ սանը, սովորողը ինքնուրույն բացահայտի, հայտնագործի ու ապրի իմացումի՝ իրեն հատուկ, յուրովի հրճվանքը:

Սաները այդ գործիքները պետք է ազատ օգտագործեն և խնամեն: Դաստիարակները չպետք է բողոքեն աղմուկից, որը դուր է գալիս երեխաներին: Երաժշտական գործունեությունը կարելի է իրականացնել նաև բացօթյա, բաց տարածության մեջ, հնչյուններին կմիանան թչունների ծլվլոցը, ծառերի խշշոցը, քամու մեղմ սուլոցը: Երաժշտականությունն անհրաժեշտ է ապահովել ամեն օր, ամեն ժամ։

Բոլոր խաղերի ընթացքում երեխան անընդհատ շարժման մեջ է: Երաժշտություն +պար+ խաղ + մարմնամարզություն + ազատություն և երևակայություն = կյանքի բնական ընթացք՝ ահա՛ մեր ուսուցման բանաձևը:

Երգ-երաժշտության յուրացումը կախված է նրանից, թե ինչպես է կազմակերպվում առօրյան, որովհետև երգն ու պարը պիտի ոչ թե լինեն ինքնանպատակ, այլ օգնեն, լրացնեն, գեղեցկացնեն, թեթևացնեն օրվա գործերն ու աննկատ կատարեն իրենց գործը: Երգը և երաժշտությունը պետք է կիրառել ամենուր՝ խմբասենյակը հավաքելիս, սանի հագուստը փոխելիս, լվացվելիս, լողալիս, ինքնագլոր և հեծանիվ վարելիս։ Ուսումնական գործունեության ընթացքում մեզ միշտ ուղեկցում են բազմաթիվ երգեր՝

  • Արև, արև, եկ, եկ,
  • Արև, արև, արի դուրս,
  • Նուրին, նուրին,
  • Փայտե ձիուկ,
  • Հոպ, թռի,
  • Բասեն բարի,
  • Եկեք ծեծենք սոխն ու սխտոր և այլն։

Նախակրթարանը երգերը ընտրում է ծեսերի լաբորատորիայի ձայնադարանից  երաժիշտ դաստիարակի օգնությամբ:

Կից ներկայացնում եմ «Նռանե» պարային համույթի լուսաբանումները։

Рубрика: Հոդված

Ի՞նչ կլիներ, եթե…

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում շատ հաճախ ենք խաղում Ռոդարիի հնարքներով՝ «Ի՞նչ կլիներ, եթե…», և ստանում բազում երևակայական պատասխաններ սաներից:  Ռոդարին  (գիրքը կարող եք բեռնել մեդիագրադարանից) միշտ մեր խենթ մոլորակում է, մեր կենդանի ապրումի գործուն աջակիցն է: Ռոդարի կա ամեն ինչում, ամեն տեղ, ամենուր: Ռոդարիի ստեղծագործությունները ձևավորում են ստեղծագործելու, երևակայելու հմտություններ, կարողություններ: Խոսելով հեղինակային կրթական ծրագրի մասին, որի հիմքում ստեղծականությունն է, հնարավոր չէ չանդրադառնալ 20-րդ դարի իտալացի մանկագիր Ջաննի Ռոդարիին, նրա «Ստեղծագործական երևակայության քերականություն» ձեռնարկին, որն ստեղծագործական հնարների մի ողջ զինանոց է առաջարկում:

Վերջերս էլեկտրոնային տարբերակով կարդացի «Շարադրանք ըստ Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» ձեռնարկի մշակումը Մարիետ Սիմոնյանի կողմից, և շատ հարցեր, երևակայական ու ստեղծական մտքեր ծագեցին։ Փորձեցի շարադրել մտքերս, քննարկել  դաստիարակների հետ և իրականացնել՝ յուրաքանչյուրի ստեղծական և երևակայական միտքը արթուն պահելով։ Յուրաքանչյուրը պիտի բացահայտի ինքն իրեն, իրականացնի այն մտքերը, որոնք երբևէ ունեցել է, քանի որ հեղինակային մանկավարժությունը հենց դա է, հեղինակային մանկավարժությունը ճախրանք է սիրում, սիրում է թափառել ու գտնել նոր լուծումներ, նոր ուղիներ, այդ ամենն իրագործել և տարածել։ Տարածումից հետո էլ այն նորանոր զարգացումներ է փնտրում։ Դա մի  անվերջանալի շղթա է, որն անընդհատ երկարում է ավելի մեծ կամ փոքր օղակներով։

Երևի բոլորն էլ փոքր տարիքում երազել են հագնել մայրիկների կամ հայրիկների հագուստները, դնել զարդերը, ակնոցները։ Իմ ամենալավ ու սիրելի խաղերից  մեկն էր գյուղ գնալիս  բացել տատիկիս սնդուկը, գտնել նրա ճակտոցները, զարդերը, արծաթյա քամարները, զարդարվել դրանցով և ներկայանալ իբրև Մարգարիտ (տատիկիս անունն է)։ Հատուկ խնամքով էր այդ ամենը դասավորած սնդուկի մեջ, որը բացելուց, հիշում եմ, երկար նայում էի, թե որ իրը որտեղից եմ հանում, որ հետո նույն հերթականությամբ տեղավորեմ իր տեղում։ Մինչև հիմա հիշում եմ այդ փայտե սնդուկի հոտը, երկաթե կողպեքը, որը երբեք չէր կողպվում, բայց, միևնույնն է, կախած էր սնդուկից։ Մտածեցի՝ ինչ կլինի, եթե այդպիսի մի զգեստապահարան կամ սնդուկ լինի խմբերում, որ ցանկացած պահի սաները զգեստափոխվեն, յուրաքանչյուրը մտնի իր երազած կերպարի մեջ՝ հագնի մեծերի հին շորերը, կոշիկները… հավես ստեղծական, խաղային միջավայր կլինի։ Առաջարկեցի  զարգացնել այս ամենը՝ վերածելով տիկնիկային թատրոնի (հենց սաներն ընտրեն ու կերպարանափոխվեն, խաղան ներկայացումը՝ ապրելով իմացումի հրճվանք):  Դաստիարակները կարող են սկսել պրպտել, նայել մեկը մյուսի փորձը, զարգացնել և ներկայացնել յուրովի՝ հաշվի առնելով սանի կարծիքը, որ շատ բան կարող է հուշել կամ թելադրել դաստիարակին։ Պետք է պարզապես ուշադիր կողքից հետևել, գրառել ամեն ինչ, վերածել խաղայինի։ Ժամանակի ընթացքում կարող են ստեղծվել շրջիկ թատրոններ, հեքիաթների շիլաշփոթ, սաները կարող են վերածվել կենդանի տիկնիկների, կազմակերպել հին իրերի, շորերի, կոշիկների ցուցահանդես։ Այսպիսով միջավայրը սաների նախաձեռնությամբ կկենդանանա ու կհարստանա, իսկ ստեղծագործական գործընթացում կպահպանվի խաղային, ուրախ, մարզական, զվարթ ու խենթ մթնոլորտը։

Նոյեմբերի սկզբին՝ սեբաստացու արտակարգ տոներին ընդառաջ, 2-4 տարեկանների խմբերը կազմեցին իրենց անհատական աշխատանքային նախագծերը, և սկսվեց ռոդարիական խառնաշփոթ  խմբասենյակներում, ընտանիքներում, մոտակա այգիներում և բակերում:  Բայց դա չի նշանակում, որ  ռոդարիական հնարքներով աշխատելը միայն  այդ օրերի անելիքն է:  Ռոդարին մեր մշտական «գործընկերն» է, կենսական կաևոր աղբյուրը: է՛լ հեքիաթ հորինեցին քթի ու դիմակի մասին, է՛լ խոհանոցային իրերով նվագարաններ ստեղծեցին… Գիտե՞ք՝ շերեփն ինչ հետաքրքիր  խաղալիք կարող է դառնալ…շրխկան, խաղալիք, գործիք, կերպար, չափիչ… Խոհանոցը կախարդական վայր է, որտեղ ամեն ինչ կարող է «խոսել» և «երգել»… Բա Թթուդրիկի ծեսի բանջարեղենային կերպարնե՞րը… Ո՞վ է ասում, որ տիկնիկային ներկայացումը միայն տիկնիկներով է լինում, կամ էլ՝ կաղամբը, գազարը ու մնացած բանջարեղենը  տիկնիկներ չեն…

Մի օր  թարս հարցերով խաղալիս հարցրեցինք՝ կուզե՞ն շորերը թարս հագնել կամ մեծերի շորերը հագնել: «Այոոոո՛»,- անչափ  ուրախացան երեխաները: Որոշեցինք փորձել: Ամբողջ օրը խմբում տոն էր․ հանում ու հագնում էին նայում հայելու մեջ և ծիծաղում ու հրճվում: է՛լ կենդանի կերպարներ դարձան, է՛լ թարս ու շիտակ, մեծ ու փոքր շորիկներ հագան։ Ի՜նչ ասես խաղացին, խմբասենյակը վերածվել էր թատրոնի,  խանութի ու  գեղեցկության սրահի: Խենթությունները շարունակվեցին զրույցներով, հարց ու պատասխան-խաղիկներով…
Շրջապատող աշխարհը հասկանալու և միջավայրին հարմարվելու փորձերում երեխաներն օգտագործում են իրենց երևակայությունն ու խաղը: Նախ՝ դրանց միջոցով երեխաները հետազոտում են իրականությունը, այսինքն՝ իրենք իրենց հարց են տալիս. «Ի՞նչ կլիներ, եթե…», «Ինչո՞ւ լեզուն բերան ունի…», «Ինչո՞ւ մազերը գլուխ ունեն…», անվերջ թարս հարցեր:  Ջա˜ն, երբ մարդն ազատ է մտածում, միտքն  ուր ուզի՝ կգնա, որտեղից՝ որտեղ…

Հին շո՜րհին կոշի՜կ
_Ա՛յ ծերուկ, ճերմակ ծերուկ,
Ի՞նչ կա-չկա քո պարկում:
-Կա մի կոշիկ՝ անկրունկ,
Մի թև ունեմ՝ անկոստյում:
-Հետոոո՞…

-Շան վզակապ,
Ունեմ աղեղ՝ անջութակ:
-Հետոոո՞…

Ստեղծվեցին ռոդարիական խաղ-թատրոններ, խաղադարաններ, շրջիկ թատրոններ, թարս հեքիաթներ, մատիկաթատրոն, ոտիկաթատրոն, հեքիաթների շիլաշփոթ, ռադիոհեքիաթներ, հեքիաթագրքեր, որոնք  վաճառվեցին  «Հոգատար եղի′ր» նախագիծ. ցուցահանդես-վաճառքի ժամանակ, իսկ հասույթը փոխանցվեց «Սեբաստացի» կրթական հիմնադրամին, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի միջոցով։

Հյուսիսային դպրոց-պարտեզի դաստիարակ Արմինե Եղիազարյանն սկսեց մի հետաքրքիր նախագիծ։ Հյուսիսի սաները մի օր գրքի պատառոտած  ծվեն էին գտել պահարանից, ամեն մեկը դեպի իրեն էր քաշել, թե՝ իրենն է։ Պայմանավորվեցին, որ քնի ժամին հերթով պիտի ընթերցեն: Երբ քնի ժամին  սկսեցին ընթերցել․․․։ Զարմացա՞ք, այո՛, ընթերցել, իսկ ո՞վ է ասել, որ ընթերցելու համար տառերը սովորել է պետք, բա ո՞ւր մնաց երևակայաելու, հորինելու, ստեղծագործելու միտքը։ Սանը հորինում է  ամենահետաքրքիր, ամենաբարի և ամենատարբեր լուծումներով հեքիաթները, որից մենք՝ մեծերս, լսելու և սովորելու շատ բան ունենք, պարզապես պետք է ականջալուր լինել և թողնել՝ սանը բլբլա՝ ինչքան ուզի և ինչպես ուզի։ Այսպես է՝ ամեն մեկն իր համն ու հոտը, միտքն ու ցանկությունն է տալիս հեքիաթին։ Սաներն իրենց սիրելի հեքիաթները խառնեցին՝  «մի տող՝ ես, մի տող՝ դու» սկզբունքով, ու  ստեղծվեց հավես նախագիծ։ Բայց սա վերջը չէ։ Շարունակությունը մտավ ընտանիք ու լայն տարածում գտավ: Ամեն գիշեր մայրիկի, տատիկի, քույրիկի կամ ընկերոջ համար հեքիաթ հորինել-ընթերցելը դարձավ կարևոր մի աշխատանք-խաղ, և ստեղծվեցին մեկը մեկից հետաքրքիր և հավես ընտանեկան հեքիաթ-բլբլահորինուկներ՝ իրենց ստեղծած նախաբանով և վերջաբանով: Ուշադրություն դարձրե՛ք ընթերցելու ընթացքում նրանց վարպետությանը, թատերական խաղին, դեմքի միմիկաներին, հայացքին․ խենթանալ կարելի է․․․
 Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել. բլբլում են Արևմտյան դպրոցի բզեզիկները: Իսկ Քոլեջի  նախակրթարանի՝ 2 տարին նոր բոլորած երկվորյակները  հետաքրքիր լեզվով են միմյանց հետ շփվում, էնքան էլ լավ են հասկանում իրար․ նրանք  ռոդարիերեն են խոսում, այդ լեզուն կոչվում է… հիշո՞ւմ եք… սակալա-պակալա: Էլ ո՞վ գիտի այս լեզուն։ Ընկերները սեբաստացի Դավթի  հետ սկսում են հորինել նոր լեզու և հրճվել, ջղայնանալ ու ներկայանալ այդ լեզվով: Սա նոր գործունեության նոր՝ ռոդարիական-այընտրանքային հնարք է, որտեղ դերերով փոխվում են դաստիարակն ու սանը, ու նրանց միանում է Ռոդարին (ստեղծագործական երևակայությունը):
Երբ սաների վազվզոցը կրկնօրինակում է դաստիարակը, սաների համար դառնում է «չի կարելի», բայց սեբաստացի դաստիարակներն այդկերպ խաղում են՝ փորձելով երեխային, սպասելով նրա արձագանքին։ Դաստիարակների՝ հացի խմորով խաղալը ջղայնացնում է սաներին, իսկ դաստիարակներն էլի փորձում են սաներին։ Ա՜յ, հաջորդ անգամ կարելի է ծնողների հետ դերերով փոխվել և հետևել ընթացքին։

«Երեխայի համար հեքիաթը խաղի պես լուրջ գործ է:Դա նրան պետք է կողմնորոշվելու, իրեն ուսումնասիրելու, իր հնարավորությունները չափելու, գնահատելու համար»: Ջ. Ռոդարի

Ռոդարին պնդում է, որ երեխաների հետ պետք է խոսել ինչպես չափահասների հետ,  ազատություն, ինքնուրույնություն և սեփական «եսը» զարգացնելու հնարավորություն տալ: Խաղալը, պատմելը, նկարելը, ծեփելը, երգելը, մարզվելը ստեղծագործական աշխատանքներ են: Ստեղծագործելը՝ հորինելը, երևակայելը, մի առանձին գործունեություն չէ, այն ամբողջական է՝ միահյուսված մեկը մյուսի մեջ:

Մանկական ստեղծագործական թատրոն
Նպատակը՝ երեխայի զարգացում։
Խնդիրները`

Թատրոնը երեխայի կյանքին միախառնված մեծ խաղ է՝ բաժանված երկու մասի՝ դերային և սցենարային: Սցենարից հետո դերային բաժանումն է, որտեղ  ամեն մեկն իր դերն է ընտրում և խաղում: Հենց այդպես էլ ստեղծվեցին մեր շրջիկ թատրոնները:

Հեքիաթները միախառնվեցին, ստեղծվեց հեքիաթների շիլաշփոթ, որտեղ աղվեսը հանեց  ծտի փուշը և թոնիրը վառեց, ծիտը չարչուց խնդրեց պոչը, որ կցի, կցմցի, գնա, ընկերներին հասնի, աքաղաղի փոխարեն կտուրը բարձրացավ շունը և այլն: Ահա՛ և իրականություն դարձան շրջիկ թատրոնները՝ մատնաթատրոններով, ստվերաթատրոններով, ոտիկաթատրոններով, մնջաթատրոններով, տիկնիկային թատրոններով, նաև հայելաթատրոնով, որտեղ սանը, միայնակ հայելու առաջ կանգնած, պատմում է հեքիաթ և դրան ավելացնում մարմնի շարժում, դեմքի միմիկա։ Այս ամենի անմիջական մասնակիցն է դառնում նաև դաստիարակը՝ միանալով խաղ ներկայացմանը, ներառելով ամբողջ խմբին: Մի դեպքում սաների մի մասը հանդիսատես է, բայց հարց ու պատասխանով ներառվում է խաղի մեջ, մեկ այլ դեպքում՝ հակառակը, ու այդպես պարբերաբար փոխվում են դերերը և մասնակիցները: Բոլոր տիկնիկները պատրաստվում են խմբասենյակ-լաբորատորիաներում: Երգերը, ոտանավորները, ասիկները, թռնոցիները նույնպես ներառված են տիկնիկային թատրոնի մեջ և ընդգծված գույն ու հրճվանք են ավելացնում:

Ինձ համար «Թատրոն-խաղ-կյանք» սկզբունքը շատ ընդունելի է և կարևոր: Դա հորինող երեխային օգնում է ընդլայնել մտահորիզոնը:

«Առաջին իմպրովիզացիաներից հետո, որպեսզի խաղը «չսառչի»,  պետք է ինչոր բանով այն հագեցնել, հարստացնել: Ազատությունը «տեխնիկայի»աջակցության կարիքն ունի»: Ջ.Ռոդարի 

Ստորև ներկայացնում եմ դաստիարակների ամփոփումները։

«Եթե ցանկանում եք մտածել սովորեցնել, ապա նախ և առաջ հորինել սովորեցրեք»: Ջ. Ռոդարի

Ռոդարիական նախագծերը շարունակվում են։ Ընթացքում կանրադառնանք նաև այլ ռոդարիական լուծումների։ Շարունակելի…

Հոդվածում տեղ են գտել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2֊4 տարեկանների խմբերի դաստիարակների նյութերը։

Рубрика: Տեսանյութեր

5տարեկանների մոլորակում

‎Քանի որ COVID-ն այցելեց 5տարեկանների դասվար Անահիտ Գրիգորյանին, առաջարկ ստացա փոխարինել, և հայտնվեցի 5տարեկանների մոլորակում։ Նորից սկսվեց իմացումի անծայրածիր հրճվանքը՝ սաների դիմավորում, բարև, ես … խենթություններ, մարզական խաղեր, հեծանվավարություն…

Նորից հեքիաթային ու բացահայտումներով ու անծայրածիր հարցադրումներով, ազատ ու թափանցիկ, ստեղծական ու երևակայական միջավայրում եմ, որտեղ ամեն վայրկյան նոր մտքեր ու ծրագրեր են ծնվում։

Գործունեության ընթացքում սանը ոչ միայն կիրառում-զարգացնում է իր ունեցած հմտություններն ու կարողությունները, այլև նախատեսում և իրականացնում է այլ գործողություններ, որոնք նոր հմտութուններ և կարողություններ կձևավորեն: