Рубрика: Հոդված

Ի՞նչ կլիներ, եթե…

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում շատ հաճախ ենք խաղում Ռոդարիի հնարքներով՝ «Ի՞նչ կլիներ, եթե…», և ստանում բազում երևակայական պատասխաններ սաներից:  Ռոդարին  (գիրքը կարող եք բեռնել մեդիագրադարանից) միշտ մեր խենթ մոլորակում է, մեր կենդանի ապրումի գործուն աջակիցն է: Ռոդարի կա ամեն ինչում, ամեն տեղ, ամենուր: Ռոդարիի ստեղծագործությունները ձևավորում են ստեղծագործելու, երևակայելու հմտություններ, կարողություններ: Խոսելով հեղինակային կրթական ծրագրի մասին, որի հիմքում ստեղծականությունն է, հնարավոր չէ չանդրադառնալ 20-րդ դարի իտալացի մանկագիր Ջաննի Ռոդարիին, նրա «Ստեղծագործական երևակայության քերականություն» ձեռնարկին, որն ստեղծագործական հնարների մի ողջ զինանոց է առաջարկում:

Վերջերս էլեկտրոնային տարբերակով կարդացի «Շարադրանք ըստ Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» ձեռնարկի մշակումը Մարիետ Սիմոնյանի կողմից, և շատ հարցեր, երևակայական ու ստեղծական մտքեր ծագեցին։ Փորձեցի շարադրել մտքերս, քննարկել  դաստիարակների հետ և իրականացնել՝ յուրաքանչյուրի ստեղծական և երևակայական միտքը արթուն պահելով։ Յուրաքանչյուրը պիտի բացահայտի ինքն իրեն, իրականացնի այն մտքերը, որոնք երբևէ ունեցել է, քանի որ հեղինակային մանկավարժությունը հենց դա է, հեղինակային մանկավարժությունը ճախրանք է սիրում, սիրում է թափառել ու գտնել նոր լուծումներ, նոր ուղիներ, այդ ամենն իրագործել և տարածել։ Տարածումից հետո էլ այն նորանոր զարգացումներ է փնտրում։ Դա մի  անվերջանալի շղթա է, որն անընդհատ երկարում է ավելի մեծ կամ փոքր օղակներով։

Երևի բոլորն էլ փոքր տարիքում երազել են հագնել մայրիկների կամ հայրիկների հագուստները, դնել զարդերը, ակնոցները։ Իմ ամենալավ ու սիրելի խաղերից  մեկն էր գյուղ գնալիս  բացել տատիկիս սնդուկը, գտնել նրա ճակտոցները, զարդերը, արծաթյա քամարները, զարդարվել դրանցով և ներկայանալ իբրև Մարգարիտ (տատիկիս անունն է)։ Հատուկ խնամքով էր այդ ամենը դասավորած սնդուկի մեջ, որը բացելուց, հիշում եմ, երկար նայում էի, թե որ իրը որտեղից եմ հանում, որ հետո նույն հերթականությամբ տեղավորեմ իր տեղում։ Մինչև հիմա հիշում եմ այդ փայտե սնդուկի հոտը, երկաթե կողպեքը, որը երբեք չէր կողպվում, բայց, միևնույնն է, կախած էր սնդուկից։ Մտածեցի՝ ինչ կլինի, եթե այդպիսի մի զգեստապահարան կամ սնդուկ լինի խմբերում, որ ցանկացած պահի սաները զգեստափոխվեն, յուրաքանչյուրը մտնի իր երազած կերպարի մեջ՝ հագնի մեծերի հին շորերը, կոշիկները… հավես ստեղծական, խաղային միջավայր կլինի։ Առաջարկեցի  զարգացնել այս ամենը՝ վերածելով տիկնիկային թատրոնի (հենց սաներն ընտրեն ու կերպարանափոխվեն, խաղան ներկայացումը՝ ապրելով իմացումի հրճվանք):  Դաստիարակները կարող են սկսել պրպտել, նայել մեկը մյուսի փորձը, զարգացնել և ներկայացնել յուրովի՝ հաշվի առնելով սանի կարծիքը, որ շատ բան կարող է հուշել կամ թելադրել դաստիարակին։ Պետք է պարզապես ուշադիր կողքից հետևել, գրառել ամեն ինչ, վերածել խաղայինի։ Ժամանակի ընթացքում կարող են ստեղծվել շրջիկ թատրոններ, հեքիաթների շիլաշփոթ, սաները կարող են վերածվել կենդանի տիկնիկների, կազմակերպել հին իրերի, շորերի, կոշիկների ցուցահանդես։ Այսպիսով միջավայրը սաների նախաձեռնությամբ կկենդանանա ու կհարստանա, իսկ ստեղծագործական գործընթացում կպահպանվի խաղային, ուրախ, մարզական, զվարթ ու խենթ մթնոլորտը։

Նոյեմբերի սկզբին՝ սեբաստացու արտակարգ տոներին ընդառաջ, 2-4 տարեկանների խմբերը կազմեցին իրենց անհատական աշխատանքային նախագծերը, և սկսվեց ռոդարիական խառնաշփոթ  խմբասենյակներում, ընտանիքներում, մոտակա այգիներում և բակերում:  Բայց դա չի նշանակում, որ  ռոդարիական հնարքներով աշխատելը միայն  այդ օրերի անելիքն է:  Ռոդարին մեր մշտական «գործընկերն» է, կենսական կաևոր աղբյուրը: է՛լ հեքիաթ հորինեցին քթի ու դիմակի մասին, է՛լ խոհանոցային իրերով նվագարաններ ստեղծեցին… Գիտե՞ք՝ շերեփն ինչ հետաքրքիր  խաղալիք կարող է դառնալ…շրխկան, խաղալիք, գործիք, կերպար, չափիչ… Խոհանոցը կախարդական վայր է, որտեղ ամեն ինչ կարող է «խոսել» և «երգել»… Բա Թթուդրիկի ծեսի բանջարեղենային կերպարնե՞րը… Ո՞վ է ասում, որ տիկնիկային ներկայացումը միայն տիկնիկներով է լինում, կամ էլ՝ կաղամբը, գազարը ու մնացած բանջարեղենը  տիկնիկներ չեն…

Մի օր  թարս հարցերով խաղալիս հարցրեցինք՝ կուզե՞ն շորերը թարս հագնել կամ մեծերի շորերը հագնել: «Այոոոո՛»,- անչափ  ուրախացան երեխաները: Որոշեցինք փորձել: Ամբողջ օրը խմբում տոն էր․ հանում ու հագնում էին նայում հայելու մեջ և ծիծաղում ու հրճվում: է՛լ կենդանի կերպարներ դարձան, է՛լ թարս ու շիտակ, մեծ ու փոքր շորիկներ հագան։ Ի՜նչ ասես խաղացին, խմբասենյակը վերածվել էր թատրոնի,  խանութի ու  գեղեցկության սրահի: Խենթությունները շարունակվեցին զրույցներով, հարց ու պատասխան-խաղիկներով…
Շրջապատող աշխարհը հասկանալու և միջավայրին հարմարվելու փորձերում երեխաներն օգտագործում են իրենց երևակայությունն ու խաղը: Նախ՝ դրանց միջոցով երեխաները հետազոտում են իրականությունը, այսինքն՝ իրենք իրենց հարց են տալիս. «Ի՞նչ կլիներ, եթե…», «Ինչո՞ւ լեզուն բերան ունի…», «Ինչո՞ւ մազերը գլուխ ունեն…», անվերջ թարս հարցեր:  Ջա˜ն, երբ մարդն ազատ է մտածում, միտքն  ուր ուզի՝ կգնա, որտեղից՝ որտեղ…

Հին շո՜րհին կոշի՜կ
_Ա՛յ ծերուկ, ճերմակ ծերուկ,
Ի՞նչ կա-չկա քո պարկում:
-Կա մի կոշիկ՝ անկրունկ,
Մի թև ունեմ՝ անկոստյում:
-Հետոոո՞…

-Շան վզակապ,
Ունեմ աղեղ՝ անջութակ:
-Հետոոո՞…

Ստեղծվեցին ռոդարիական խաղ-թատրոններ, խաղադարաններ, շրջիկ թատրոններ, թարս հեքիաթներ, մատիկաթատրոն, ոտիկաթատրոն, հեքիաթների շիլաշփոթ, ռադիոհեքիաթներ, հեքիաթագրքեր, որոնք  վաճառվեցին  «Հոգատար եղի′ր» նախագիծ. ցուցահանդես-վաճառքի ժամանակ, իսկ հասույթը փոխանցվեց «Սեբաստացի» կրթական հիմնադրամին, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի միջոցով։

Հյուսիսային դպրոց-պարտեզի դաստիարակ Արմինե Եղիազարյանն սկսեց մի հետաքրքիր նախագիծ։ Հյուսիսի սաները մի օր գրքի պատառոտած  ծվեն էին գտել պահարանից, ամեն մեկը դեպի իրեն էր քաշել, թե՝ իրենն է։ Պայմանավորվեցին, որ քնի ժամին հերթով պիտի ընթերցեն: Երբ քնի ժամին  սկսեցին ընթերցել․․․։ Զարմացա՞ք, այո՛, ընթերցել, իսկ ո՞վ է ասել, որ ընթերցելու համար տառերը սովորել է պետք, բա ո՞ւր մնաց երևակայաելու, հորինելու, ստեղծագործելու միտքը։ Սանը հորինում է  ամենահետաքրքիր, ամենաբարի և ամենատարբեր լուծումներով հեքիաթները, որից մենք՝ մեծերս, լսելու և սովորելու շատ բան ունենք, պարզապես պետք է ականջալուր լինել և թողնել՝ սանը բլբլա՝ ինչքան ուզի և ինչպես ուզի։ Այսպես է՝ ամեն մեկն իր համն ու հոտը, միտքն ու ցանկությունն է տալիս հեքիաթին։ Սաներն իրենց սիրելի հեքիաթները խառնեցին՝  «մի տող՝ ես, մի տող՝ դու» սկզբունքով, ու  ստեղծվեց հավես նախագիծ։ Բայց սա վերջը չէ։ Շարունակությունը մտավ ընտանիք ու լայն տարածում գտավ: Ամեն գիշեր մայրիկի, տատիկի, քույրիկի կամ ընկերոջ համար հեքիաթ հորինել-ընթերցելը դարձավ կարևոր մի աշխատանք-խաղ, և ստեղծվեցին մեկը մեկից հետաքրքիր և հավես ընտանեկան հեքիաթ-բլբլահորինուկներ՝ իրենց ստեղծած նախաբանով և վերջաբանով: Ուշադրություն դարձրե՛ք ընթերցելու ընթացքում նրանց վարպետությանը, թատերական խաղին, դեմքի միմիկաներին, հայացքին․ խենթանալ կարելի է․․․
 Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել. բլբլում են Արևմտյան դպրոցի բզեզիկները: Իսկ Քոլեջի  նախակրթարանի՝ 2 տարին նոր բոլորած երկվորյակները  հետաքրքիր լեզվով են միմյանց հետ շփվում, էնքան էլ լավ են հասկանում իրար․ նրանք  ռոդարիերեն են խոսում, այդ լեզուն կոչվում է… հիշո՞ւմ եք… սակալա-պակալա: Էլ ո՞վ գիտի այս լեզուն։ Ընկերները սեբաստացի Դավթի  հետ սկսում են հորինել նոր լեզու և հրճվել, ջղայնանալ ու ներկայանալ այդ լեզվով: Սա նոր գործունեության նոր՝ ռոդարիական-այընտրանքային հնարք է, որտեղ դերերով փոխվում են դաստիարակն ու սանը, ու նրանց միանում է Ռոդարին (ստեղծագործական երևակայությունը):
Երբ սաների վազվզոցը կրկնօրինակում է դաստիարակը, սաների համար դառնում է «չի կարելի», բայց սեբաստացի դաստիարակներն այդկերպ խաղում են՝ փորձելով երեխային, սպասելով նրա արձագանքին։ Դաստիարակների՝ հացի խմորով խաղալը ջղայնացնում է սաներին, իսկ դաստիարակներն էլի փորձում են սաներին։ Ա՜յ, հաջորդ անգամ կարելի է ծնողների հետ դերերով փոխվել և հետևել ընթացքին։

«Երեխայի համար հեքիաթը խաղի պես լուրջ գործ է:Դա նրան պետք է կողմնորոշվելու, իրեն ուսումնասիրելու, իր հնարավորությունները չափելու, գնահատելու համար»: Ջ. Ռոդարի

Ռոդարին պնդում է, որ երեխաների հետ պետք է խոսել ինչպես չափահասների հետ,  ազատություն, ինքնուրույնություն և սեփական «եսը» զարգացնելու հնարավորություն տալ: Խաղալը, պատմելը, նկարելը, ծեփելը, երգելը, մարզվելը ստեղծագործական աշխատանքներ են: Ստեղծագործելը՝ հորինելը, երևակայելը, մի առանձին գործունեություն չէ, այն ամբողջական է՝ միահյուսված մեկը մյուսի մեջ:

Մանկական ստեղծագործական թատրոն
Նպատակը՝ երեխայի զարգացում։
Խնդիրները`

Թատրոնը երեխայի կյանքին միախառնված մեծ խաղ է՝ բաժանված երկու մասի՝ դերային և սցենարային: Սցենարից հետո դերային բաժանումն է, որտեղ  ամեն մեկն իր դերն է ընտրում և խաղում: Հենց այդպես էլ ստեղծվեցին մեր շրջիկ թատրոնները:

Հեքիաթները միախառնվեցին, ստեղծվեց հեքիաթների շիլաշփոթ, որտեղ աղվեսը հանեց  ծտի փուշը և թոնիրը վառեց, ծիտը չարչուց խնդրեց պոչը, որ կցի, կցմցի, գնա, ընկերներին հասնի, աքաղաղի փոխարեն կտուրը բարձրացավ շունը և այլն: Ահա՛ և իրականություն դարձան շրջիկ թատրոնները՝ մատնաթատրոններով, ստվերաթատրոններով, ոտիկաթատրոններով, մնջաթատրոններով, տիկնիկային թատրոններով, նաև հայելաթատրոնով, որտեղ սանը, միայնակ հայելու առաջ կանգնած, պատմում է հեքիաթ և դրան ավելացնում մարմնի շարժում, դեմքի միմիկա։ Այս ամենի անմիջական մասնակիցն է դառնում նաև դաստիարակը՝ միանալով խաղ ներկայացմանը, ներառելով ամբողջ խմբին: Մի դեպքում սաների մի մասը հանդիսատես է, բայց հարց ու պատասխանով ներառվում է խաղի մեջ, մեկ այլ դեպքում՝ հակառակը, ու այդպես պարբերաբար փոխվում են դերերը և մասնակիցները: Բոլոր տիկնիկները պատրաստվում են խմբասենյակ-լաբորատորիաներում: Երգերը, ոտանավորները, ասիկները, թռնոցիները նույնպես ներառված են տիկնիկային թատրոնի մեջ և ընդգծված գույն ու հրճվանք են ավելացնում:

Ինձ համար «Թատրոն-խաղ-կյանք» սկզբունքը շատ ընդունելի է և կարևոր: Դա հորինող երեխային օգնում է ընդլայնել մտահորիզոնը:

«Առաջին իմպրովիզացիաներից հետո, որպեսզի խաղը «չսառչի»,  պետք է ինչոր բանով այն հագեցնել, հարստացնել: Ազատությունը «տեխնիկայի»աջակցության կարիքն ունի»: Ջ.Ռոդարի 

Ստորև ներկայացնում եմ դաստիարակների ամփոփումները։

«Եթե ցանկանում եք մտածել սովորեցնել, ապա նախ և առաջ հորինել սովորեցրեք»: Ջ. Ռոդարի

Ռոդարիական նախագծերը շարունակվում են։ Ընթացքում կանրադառնանք նաև այլ ռոդարիական լուծումների։ Շարունակելի…

Հոդվածում տեղ են գտել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2֊4 տարեկանների խմբերի դաստիարակների նյութերը։

Рубрика: Հոդված, Տեսանյութեր

«Արտակարգ» ամառվա արտակարգ լողափ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանները մայիսի 18-ից գործում են հետևյալ աշխատակարգով։

Խմբերի քանակը՝ մինչև 5 սանի դեպքում խմբում աշխատում է մեկ դաստիարակ, իսկ ավելիի դեպքում՝ 2: Սաների թիվը խմբում՝ առավելագույնը 10-12։ Դաստիարակների բլոգներում առկա են մեկ շաբաթվա աշխատանքային պլանը, ճաշացանկը, շարունակում ենք աշխատել նաև ընտանեկան առցանց ծրագրերով։  Читать далее ««Արտակարգ» ամառվա արտակարգ լողափ»

Рубрика: Հոդված, Տեսանյութեր

2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիայի` 2019-2020 ուստարվա հաշվետու պատում

Կյանքը, իրոք, մեծագույն պարգև է մարդու համար։ Յուրաքանչյուր տարի ունի իր համն ու հոտը: «Մխիթար Սեբաստացի  Читать далее «2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիայի` 2019-2020 ուստարվա հաշվետու պատում»

Рубрика: Հոդված, Տեսանյութեր

Ապրելու՝ ինքնակրթվելու ապրիլ

 

Մարտի 2-ից ապրիլի 17-ը մեկ առ մեկ հետևում և համակարգում եմ 2-5 տարեկանների ընտանեկան առցանց նախագծերը: Ամեն անգամ դիտարկելով և բացահայտելով՝ համոզվում եմ, որ ինչպես մեր մանկավարժությունն է հեղինակային, այնպես էլ մեր ընտանեկան նախագծերն են հեղինակային, այսինքն՝ընտանեկան նախագծերի հեղինակները հենց ծնողներն են, որոնք իրենց կոչել են ընտանեկան դաստիարակներ, խոհարարներ, երաժշտության ուսուցիչներ, հանդես են գալիս իրենց հեղինակային   մանկավարժությամբ՝ է՛լ մարզիկ են, է՛լ խոհարար, է՛լ տեխնոլոգ, է՛լ երաժիշտ, է՛լ այգեպան։ Նրանք նաև իրենց ընտանեկան անհատական լաբորատորիաներն են ստեղծել և վարակում են մեկմեկու, այսինքն՝դառնում են իրենց ընտանեկան հեղինակային մանկավարժության ակամա կրողն ու տարածողը: Ընտանիքներից ամեն մեկը դարձել է կրթահամալիրի հեղինակային մանկավարժության համահեղինակ։ Ա՜յ քեզ տարածում, մեկը մյուսի հետևից շշմելու նախագծեր․․․Չես հասցնում ապրել իմացումի հրճվանք, գալիս է հրճվելու հաջորդ չափաբաժինը։ Խենթանալ կարելի է, էս տեսակ ինքնաբուխ ու համարձա՜կ, էս տեսակ պատրաստակամ և ստեղծակա՜ն․․․Այնպես են վարակվում մեկը մյուսի ընտանեկան խենթ նախագծերով, որ թագավարակը կերազեր անգամ նման տարածում ունենալ: Եթե կորոնավիրուսով չվարակվելու համար մեկուսանում ենք տանը, ապա հեղինակային մանկավարժության դեմ անզոր են ցանկացած մեկուսացում ու պատվաստանյութ: Ինչպես կարող ես լռեցնել մարդուն, որը ստեղծագործել, երևակայել, պրպտել, հետազոտել գիտի և դրա շնորհիվ իր մանկավարժական փորձն է ուզում տարածել, որը քար ու ժայռը ծաղկեցնել և կանաչապատել է ուզում, տեսնում է գեղեցիկը և ուզում է տարածել սեր: Ի՞նչը կամ ո՞վ կարող է լռեցնել, խանգարել, իհարկե՝ ոչ ոք և ոչ մի բան:

Եվ այսպես՝ օրական տասից քսան նյութ նայելով, հրճվելով՝ մոռանում ես, որ մեկուսացած ես: Նայում ու տեսնում ես, թե ինչպես է բնակարանը վերածվում լաբորատորիայի, որտեղ փորձում են ստեղծել անգամ անհնարինը։ Այստեղ ներխուժում են Ռոդարին և Թումանյանը, ազգային ու ծիսական խաղիկները, ազգային երգն ու պարը։ Ազգայինով է սկսվում սեբաստացիների օրը․ բնակարան-լաբորատորիաների անբաժան մասն են կազմում կոմիտասյան երգերը: Ինչպես՜ է բնակարանն օծվում մաքրամաքուր երաժշտությամբ, անտիվիրուս Կոմիտասով՝ մաքրելով օտարածին հնչյունները մեր հոգուց․․․

Բնակարան-լաբորատորիայում, որտեղ դաստիարակը ծնողն է, աթոռ-սեղանը վերածվում են մարզական գույքի, իսկ ավելորդ իրերը կամաց- կամաց լքում են բնակարանը՝ այն վերածելով ընդարձակ, լուսավոր խաղահրապարակի։ Հյուրասենյակի բազմոցը դառնում է բատուտ, ինչքան ուզում ես թռվռա, մրցողները տան անդամներն են, իսկ գորգը՝ մարզագորգ։ Խոհանոց-լաբորատորիայում կարող ես կտրատել, համեմատել, համտեսել, մի համեղ աղցան պատրաստել։ Ընտանեկան-հեղինակային բնակարան-լաբորատորիան կարող է վերածվել պատկերասրահի, կամ եթե կան ընտանի կենդանիներ՝ ագարակի, որտեղ կարելի է խնամել, կերակրել և տալ խորհուրդներ՝ դառնալով ագարակ-լաբորատորիայի ղեկավարը։ Սենյակի գորգը կարող է ծառայել որպես լողավազան. սաները կարող են դառնալ լողորդներ, հագնել լողի պարագաները՝ ակնոցներ, լողաթափեր, լողի գլխարկ, փրկարար օղակ, իսկ հայրիկը՝ լողի մարզիչ։ Հատակը կարող է դառնալ սահադաշտ, իսկ շորի կտորները՝ սահնակ, որով անվերջ կարող են սահել՝ իհարկե, չմոռանալով հագնել ձեռնոցները, ձնագնդիով խաղալը։ Յուրաքանչյուր սան ինքն է ստեղծել է իր բնակարան-լաբորատորիան, ուստի ինքն էլ որոշում է եղանակը լաբորատորիայի։ Կարող է բակից հող տանել և խառնել ջրին, իր լոգախցիկում ստեղծել ցեխի լողավազան… ասեք, որ հավե՜ս է․․․ Եվ այս ամենի անմիջական մասնակիցը ծնողն է, որի խոհանոցի շերեփին ու շինարարական գործիքին ամեն ինչ ֆիքսելու և լուսաբանելու համար փոխարինում են ֆոտոխցիկը, բջջային հետախոսը՝ որպես ընտանեկան աշխատանքային մեդիագործիքներ։
Ընտանեկան նախագծերում երևում է, թե ինչպես են վարագույրները «հեռանում», որովհետև որակյալ նյութ ստանալու համար բնական լույս է անհրաժեշտ, թե ինչպես են հայրիկներն ինքնամոռաց խաղում՝ մրցակցության մեջ մտնելով մայրիկի և երեխայի հետ․մոռանում են, որ հայտնվել են «առաջին գծում»՝ եթերում՝ դառնալով սոցցանցերի հիթերի հերոսներ: Արևելյան դպրոցի նախակրթարանի սան Մանվելիկն առաջին երեք օրերին կտրուկ հրաժարվում էր ֆիլմերում նկարհանվել, բայց ծնողները չէին հուսահատվում, իրականացնում էին նախագիծը, իսկ Մանվելը թաքուն նայում և հիանում էր: Իսկ Քոլեջի սան Առնոն ստիպում էր մայրիկ-դաստիարակին պատրաստել նախակրթարանի՝ իր շատ սիրելի ու կարոտած բրնձե շիլան ու բիսկվիթը: Հաճելի է, որ քնի ժամին սաները խնդրում են մայրիկներին միացնել «Աստղափայլ օրորները»: Գովելի է, որ մայրիկներն սկսել են վարել մայրիկի օրագիր, ներկայացնել իրենց ընտանեկան առցանց նախագծերի հաշվետվությունները։ Կարող ենք փաստել, որ ծնողները լիովին ներառված են բոլոր նախագծերում և ծրագրերում, ինչի համար շնորհակալ ենք մեր բաց, թափանցիկ, ակամայից ընտանիք մտնող հեղինակային մանկավարժությանը։

Այսպիսով՝ դաստիարակի գործն է օգնել ծնողին՝ կազմելու իրենց ընտանեկան նախագծերը, միասին մշակելու և հրապարակելու դրանք: Այդ ամենը կազմակերպելուց հետո դաստիարակն իր բլոգում, համացանցում տարածում է ընտանեկան նյութերը և մարտահրավեր ուղարկում այլ ծնողների՝ անհամբեր սպասելով այլ լուծումներով ֆիլմերի լուսաբանմանը, միասին խենթանալու և տարածելու այդ ֆիլմերը: Շնորհակա՛լ եմ նման բացահայտումներով հրճվանք ապրելու և նոր շնչով, ավելի հետաքրիքիր նախագծերով հանդես գալու համար։ Մենք բաց ենք, թափանցիկ և վարակիչ: Վարակվեք սեբաստավիրուսով, որը չի պահանջում ո՛չ մեկուսացում, ո՛չ պատվաստանյութի ստեղծում․ պարզապես պահանջում է հրճվանք և միասին ապրելու ցանկություն։

Վերջում որպես ծնող՝ ուզում եմ ներկայացնել մեր ընտանեկան հեռավար ուսուցումը, մեր ընտանեկան դպրոցը, որի ղեկավարը ես եմ։
Ուզում եմ մեջբերում անել իմ ինը տարեկան աղջնակի պատումից մի հատված, որում, կարծում եմ, ամեն ինչ երևում է․
«Տանը մնալն ինձ սովորեցրեց ստեղծել իմ օրագիրը և այնտեղ բաժանել իմ աշխատանքային գործունեությունները: Այսինքն՝ ես իմ օրագրում նախագծում եմ օրվա անելիքներս ըստ ժամերի և, իհարկե, հաշվի եմ առնում ծնողներիս ծանրաբեռնվածությունը։ Ճշտում եմ ժամերը, որ ըստ իմ օրացույցի՝ անցնեմ գործի: Օրինակ՝ մաթեմատիկան միայն անում եմ հայրիկիս հետ. այսպիսի խաղ ենք կազմակերպել՝ հայրիկս դառնում է իմ մաթեմատիկայի դասավանդողը, և շաբաթական երեք օր՝ օրական մեկ ժամ տևողությամբ, աշխատում ենք միասին։ Բայց այդ մեկ ժամվա մեջ ունեմ նաև ընդմիջում`տասը րոպե, որի ընթացքում վազում եմ ճաշարան-խոհանոց՝ մի համեղ բան գնելու։ Այո′, գնելու։ Վաճառողուհին մայրիկ-խոհարարն է, վաճառում է բրդուճիկներ։ Նրա հետ առևտուր անելիս խոսում եմ ռուսերեն, քանի որ խոհարար-մայրիկը ռուսերեն է հասկանում, իսկ քույրիկի հետ խաղալիս խոսում ենք անգլերեն, քանի որ քույրիկ-խաղընկերն էլ հասկանում է անգլերեն, և այսպես շարունակվում է ուսուցում-խաղը՝ հաճախակի փոխելով դերերը: Բայց հայրիկի դերը միայն մաթեմատիկայի դասավանդող լինելը չէ: Նա ինձ համար նաև զբոսավար է աշխատում։ Իսկ մայրիկը դառնում է է′լ Նառա Նիկողոսյան (մայրենիի դասավանդող), է′լ Անահիտ Գևորգյան (ընտանեկան կազմակերպիչ), է′լ Վիգեն Ավետիս (քանդակագործ-նկարիչ), է′լ խոհարար Մարիետ, է′լ տիկին Զոյա (ով բղավելով կարգ ու կանոն է հաստատում), է′լ ֆիզկուլտի դասավանդող, է′լ առողջագետ, է′լ տիկին Լիդա (ով փնթփնթալով հավաքում է տարածքը): Մի խոսքով՝ շատ հավես է անցնում ընտանեկան առցանց ուսուցումը»:

Ես՝ որպես մայր, հպարտանում ու ճախրում եմ, որ այդքան ազատ, անկաշկանդ և ստեղծական է մեծանում այս սերունդը։

Ստորև ներկայացնում եմ Արղությանների ընտանեկան դպրոցի ֆիլմերի փաթեթը:

Читать далее «Ապրելու՝ ինքնակրթվելու ապրիլ»

Рубрика: Հոդված, Տեսանյութեր, Դաստիարակի օրագիր

Սա է կյանքով ապրելու հաճույքը։

Այսօր ինձ բախտ էր վիճակվել հայտնվել Արևելյան դպրոցի այդքան ինքնուրույն, համախմբված, ստեղծական և սիրելի 6տարեկանների մոլորակում։

Մոլորակ, որտեղ բոլորը միասնական են, որտեղ բոլորը ազատ մտածելու, երևակայելու և ստեղծագործելու ջիղ ունեն, որտեղ դու մի պահ քեզ մոռանում ես, որպես փոխարինող դասվա՞ր ես հայտնվել խմբում, թե՞ քո հասակակիցների հետ պարզապես հրճվում ես, խաղում, գլորվում: Առավոտվանից հայտնվեցի 6-տարեկանների խմբում և հիացած դիտարկում էի. ինքնուրույն բացեցին դուռը, որին հաջորդեց պատուհանի օդափոխությունը, հանեցին կոշիկները, պիջակները, ուղղեցին պայուսակները և 9։00-ին մեկ մարդու պես շրջան բռնած, ես էլ իրենց հետ՝ 30 րոպե մասնակցեցինք առավոտյան պարապմունքին և բարձրացանք վերև։ Ինձ հուշեցին, որ թիվ պիտի տամ խոհանոց, և 3հերթապահ լվացվելուց հետո արդեն խոհանոցում նախաճաշի նախապատրաստական աշխատանքներ էին անում ։

Ի՜նչ սիրալիր, իրար զիջելով, ափսե-գդալ հաշվելով ,աթոռները ուղղելով, հետո սուրհանդակ եկավ, թե նախաճաշը պատրաստ է, և սպասում են մեծ ընտանիքին ։ Լվացվեցինք և շտապեցինք խոհանոց:

Ոնց որ շատ երկար է ստացվում մտքիս շարադրանքը, բայց տպավորված և հիացած եմ. սա է կյանքով ապրելու հաճույքը՝ դիտարկելով, հետազոտելով, տեսնելով, շոշափելով, թեկուզ սխալվելով ։

Рубрика: Հոդված, Սեպտեմբեր 2018, Գրական Ակումբ, Դաստիարակի օրագիր

Գրական Ակումբ

Գրական ակումբ:
Ի՞նչ է սա , որտեղ դասախոսում և միայն իր կարծիքն է հայտնում ակումբի ղեկավա՞րը, և բոլորը միաձայն համամի՞տ են վերջինիս հետ։
Իհարկե, ո՛չ:

Գրական ակումբ, որտեղ բոլորը իրավունք ունեն արտահայտվելու, բացահայտելու, հիշողությունների գիրկն ընկնելու, համեմատելու. այլընտրանքը միշտ առաջնային է կրթահամալիրում։
Վաղուց հետևում էի, և որոշեցի ներկա լինել ակումբի ջերմ, թեժ ,հումորով միջավայրին։Եվ հայտնվեցի Գրական ակումբում: Այստեղ պարապմունք-հանդիպումներն իրականացվում են նախապես հրապարակված ծրագրով. գրական ստեղծագործությունները , ֆիլմերը նախապես տեղադրվում են ակումբի բլոգում։ Կրթահամալիրի աշխատակիցները, ծնողները, հյուրերն( նշեմ, որ մուտքն ազատ է)ընթերցելուց հետո հանգիստ, առանց լարվելու, առանց վախի կարողանում են արտահայտվել։ Առաջին օրն անհանգիստ էի և որոշել էի չարտահայտվել, բայց նկատեցի ,որ ակտիվ մասնակցում եմ. փաստորեն անգամ չխանգարեց այն, որ բազում մարդկանց մոտ ես « համարձակվում եմ» արտահայտվել. հասկացա, որ այդ միջավայրում հաղթահարեցի միանգամից երկու վախ՝ ներքնահարկում և բազմության մեջ հայտնվելու վախերս։ Հասկացա, որ հանգիստ եմ, ապահով, խաղաղ:

Մի օրինակ՝ իմ մեջ ցանկացած ձայնից տարբեր զգացողություններ են առաջանում, և երբ քննարկում էինք Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» ստեղծագործությունը , ես ուշ միացա ակումբին և բազմությունից լարվածություն զգացի: Իսկույն որոշեցի, որ աննկատ կհեռանամ, բայց սկսեց խոսել տիկին Նունեն և ներողություն խնդրեց, որ այդքան երկար խոսեց , բայց շնորհակալ եմ, որ երկար խոսեց, որովհետև իմ ներսում կարծես ամեն բան խաղաղվեց, և սկսեցի ավելի ակտիվ և վստահ արտահայտվել։
Ամեն բան քննարկվում է շատ խաղաղ, ու հընթացս լուծվում է մի քանի խնդիր՝ իրար զիջելու, լսելու, համակարծիք կամ տարակարծիք լինելու, բայց սիրո և ջերմ միջավայրում։ Ու հասկանում ես ,որ հնարավոր է մի հարկի տակ հավաքվել և քննարկել առողջ, ջերմ և սիրո միջավայրում։ Աննկարագրելի և անբացատրելի ջերմություն ես զգում ։ Անընդհատ բացահայտում ես ինչ-որ բան քեզ համար, և էլի անբացահայտ են մնում մարդկային որակները, տեսակները։ Հետաքրքիր են կյանքի վերելքներն ու վայրէջքները, երբ քննարկման ժամանակ սկսում ես վերլուծել կամ հենց քեզ վրա պատկերացնել, բազմաթիվ կարծիքներ և լուծումներ ավագ և կրտսեր ընկերներից լսել։
Սա ակումբ է, որտեղ բոլորը շահագրգիռ են, սովորող և սովորեցնող են, որտեղ բոլորը մի համերաշխ ընտանիքի անդամներ են։ Ամեն շաբաթ ընտրված հատուկ գրական թեմաներ, քննարկումներ, որոնց ընթացքում միասին կրթվում ենք։ Այո՛, կրթվում…
Կյանքը բազմաթիվ կանոններով, բայց առանց մրցավարի խաղ է: Մենք ավելի շատ դիտարկելով ենք այն սովորում խաղալ, քան ինչ-որ գրքեր, այդ թվում նաև Սուրբ Գիրքը պրպտելով: Հենց այս պատճառով էլ բնավ զարմանալի չէ, որ այսքան շատերն են անազնիվ խաղում, այսքան քչերն են հաղթում, այսքան շատերն են պարտվում…                       Իոսիֆ Բրոդսկի

Շնորհակալ եմ…

Рубрика: Հոդված, Սեպտեմբեր 2018, Գրական Ակումբ, Դաստիարակի օրագիր

Գրական ակումբ

Ֆիլմ՝ նվիրված Ջոզեպպե Մասկատիին։ Շատ հուզիչ, ուսուցողական, կյանքի ֆիլմ էր։ Ամեն բառ վերլուծում ու փորձում էի հասկանալ։ Ավելի շատ լսում էի բառերը, քան դիտում էի ֆիլմը։ Մի մարդու մասին էր, ով դարձավ բժիշկ, երբ մահացավ եղբայրը բժիշկների անտարբերությունից։ Բժիշկ,ով առաջին հերթին բուժում էր հոգին, հետո՝ մարմինը։ Հազարավոր դեղեր, նորանոր բժշկական սարքավորումներ անզոր են, երբ չկան դրանց մեջ սեր, հավատ, հույս,Աստծո հանդեպ մեծ հավատը։ Ֆիլմը մարդկային որակի մասին է.հերոսն իր կյանքը նվիրեց և ծառայեց հանուն մարդկային խաղաղության, ուժի և սիրո: Մի մարդ, ով ապրեց հանուն ուրիշների՝ զոհաբերելով իրեն ,բայց ոչ հանուն ճանաչման… Նա անում էր այն, ինչ սիրտն էր թելադրում։ Շատ խորիմաստ մտքեր կային։ Օրինակ՝ «Կյանքը այդքան էլ անարդար չէ,յուրաքանչյուր փորձության մեջ կա հնարավորություն»:
Երբ ասում է.«…եթե իրականությունը պահանջում է զոհողություն, ընդունի՛ր այն, եթե իրականությունը տանջում է՝ անցի՛ր դրա միջով։ Երբ ընկերն ասում է.« Դու կարող էիր ունենալ ամեն ինչ , բայց ըտրեցիր ոչինչ…», ու պատասխանը, որն իձն ուղղակի ցնցեց. «Այս ոչնչի մեջ ես ունեմ ամեն ինչ…»: Բայց միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ մոռացել էր իր մասին, իրեն կառավարելու, հարգելու, սիրելու , խնայելու և իրեն սիրողներին , իր ընտանիքին քանի որ քրոջ միակ ապավենը Ջոզեպպեն էր ։ Այնպես որ եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք, շռայլեք սեր ,բարություն, ազնվություն, հիշեք, որ ցանկացած մարդու մեջ կա Աստված, և գործեք աստվածային , բայց չմոռանալով ինքներդ ձեզ ։

Եղե՛ք երջանիկ՝ զոհաբերելով ինքներդ ձեզ։ Իսկ ինչո՞ւ…

Рубрика: Հոդված, Տեսանյութեր

2-4 տարեկանների խաղադարան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խումբ:

Խաղալիքաստեղծխաղաստեղծ միջավայր: Այո՛, ստեղծողների միջավայր, ոչ թե պատրաստի խաղերով ու խաղալիքներով, այլ… Ստեղծողներն իրենք են՝ դաստիարակներն ու սաները միասին, ստեղծում են, փորձարկում ու տարածում…

Վերջերս ինձ համար մի փոքրիկ ուսումնասիրություն արեցի: Նկատել էի, որ երբ երեխաներին թողնում ես ազատության մեջ, սկսում են իրենք կազմակերպել–երևակայել, խաղալ իրենց ուզած խաղերը: Պարզեցի, որ երբ հեռվից որպես դաստիարակ ուսումնասիրում–դիտարկում ես սանին, ավելի հետաքրքիր մտքեր և ստեղծականություն են ծնվում ու առաջ գալիս:

Ամեն մարդ իր ծննդյան օրվանից օժտված է հսկայական ստեղծական ներուժով: Կարևորն այն է, որ կարողանաս իսկապես այն բացահայտել: Երբ մարդիկ ասում են, որ օժտված չեն ստեղծական ընդունակություններով, դա հաճախ բացատրվում է նրանով, որ չգիտեն ստեղծականության իրական բնույթը և նրա դրսևորման նշանները գործնականում: Երևակայությունն է ընկած յուրաքանչյուր մարդկային ձեռքբերման հիմքում: Երևակայությունը մեզ հնարավորություն է տալիս ստեղծագործաբար մտածել:Կարելի է տեսականորեն երկար-բարակ տեքստեր գրել, գիտական-մանկավարժական տեսություններ զարգացնել, վերլուծել, քննարկել, բայց գործը գործով է գործ դառնում, փորձով է զարգանում:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում խաղալիքներ, երաժշտական գործիքներ, շրխկաններ փորձում ենք ինքներս պատրաստել և դրանք անվանում ենք «ինքնաշեն» գործիքներ: Երբ ծանոթանում ենք տվյալ երաժշտական  գործիքին, փորձում ենք ինքներս պատրաստել, և թեկուզ այն չհնչի այնպես, ինչպես իրական գործիքն է հնչում, բայց և այնպես արտադրության գործընթացի հաճույքը և հետագայում այդ գործիքով խաղալը գերազանցում են բոլորիս սպասելիքները: Պետք է տեսնել նրանց հրճվանքը  երաժշտական գործիքը ինքնուրույն ստեղծելիս, իսկ այդ ստեղծած գործիքից ձայնի վերարտադրումը գերագույն հաճույք է պատճառում նրանց՝ խենթանալու աստիճան:Ահա՛ ձեզ իմացումի հրճվանքի ևս մի կարևոր դրսևորում:

Կարևոր է երեխային տալ ազատություն, չկաղապարել նրան, չթելադրել, թե ինչպես խաղալ ինքնաստեղծ գործիքով. թող նա հորինի, ստեղծի, երևակայի, մտածի: Երևակայությունից հետո հաջորդ քայլը ստեղծականությունն է, ստեղծագործենք ազատ և վայելենք այն: Կյանքով ուսուցում, որն անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանքը:

Դաստիարակը, ծնողը այն մարդիկ չեն, ովքեր ինչ-որ բան են սովորեցնում, այլ մարդիկ, ովքեր ոգեշնչում են, որ սանը, սովորողը ինքնուրույն բացահայտի, հայտնագործի ու ապրի իմացումի՝ իրեն հատուկ, յուրովի հրճվանքը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գումարներ չեն ծախսվում՝աննպատակ, ուղղակի սովորական խաղալիքներ գնելու համար: Բացի նրանից, որ մենք ինքներս ենք ստեղծում  ինքնաշեն խաղալիքներ, նաև ստեղծում ենք  խաղալիքաստեղծ միջավայր`խմբում, բակում, լողավազանում, հարակից բակերում, և այդ ամենի մասին  սեմինար-պարապմունքների  ժամանակ դաստիարակները քննարկում են, հորինում, օգտագործում միմյանց փորձը՝ համադրելով ու համեմատելով ստացվածն ու չստացվածը: Տեղի են ունենում կենդանի, իրական քննարկում-վերլուծություններ՝ շաղախված փորձով ու անփորձությամբ: Բոլորն իրար լրացնելով, առաջարկները զարգացնելով՝ ավելի արհեստավարժ են դառնում, ավելի ազատ ու ստեղծագործ, մեթոդապես ավելի հմուտ:

Շատ հաճախ խաղը գալիս է խմբից, սաներից: Նախապես նախագծով պլանավորված է լինում այլ գործունեություն, բայց հանպատրաստից երեխաներն հենց իրենք են փոխում գործունեության ընթացքը: Ընդամենը նրանց թողնելով ազատ՝ տեսնում ես, որ սկսում են կազմակերպել տարատեսակ խաղեր՝ վերցնելով հասարակ թելի մի կտոր կամ հյութի ձողիկներ, հենց իրենց գուլպաները և այլն: Այսպես օրինակ՝ գուլպաներից ծնվեց «Մեծ լվացքը», սկսեց զարգանալ, իսկ միտքը տվեց Արտակովնայի գուլպան , որի հետ նա քնում է, ուտում է: Երբ օրվա ընթացքում կեղտոտվեց նրա գուլպան, ինչ աներ… սկսեց լվանալ Արտակովնան, ու մեկ էլ… սկսեցին բոլորը հանել իրենց գուլպաները և լվանալ: Լվանալուց հետո չորացնել էր պետք. սկսեցին մտածել՝ որտեղ չորացնել: Իսկ այդ ժամանակ խմբի մի մասն էլ ռեզին էր խաղում, վերցրեցին ամրակները և սկսեցին ռեզինի վրա փռել գուլպաները: Մինչ գուլպաները կչորանային, ավելացած ամրակները սկսեցին փակցնել իրար վրա: Իհարկե, կային խաղացողներ, որ չէին ուզում իրենց վրա փակցնել ամրակները, հետևաբար սկսեցին փախչել:Ա՜յ քեզ երջակայություն, խինդ ու ծիծաղ, ա՜յ քեզ խաղ: Այնքա՜ն ոգևորիչ էր, որ մեզ միացան նաև վերապատրաստվող դաստիարակները: Ահա ձեզ խաղ, որի անունն էլ դրեցինք «Վազող ամրակներ»: Հարազատ Ռոդարին, իհարկե, եկավ օգնության, և ավելացան հարցերն ու պատասխանները.«Ամրակ, որը փախչո՞ւմ է», «Վա՜յ, ո՞նց թե փախչում է, ուրեմն՝ կարող է նաև կանգնե՞լ, նստե՞լ, պարանին պարե՞լ , կպչել քիթիկի՞ն, մազերի՞ն և դառնալ նաև ականջօ՞ղ …»: Վա՜յ, մեկ րոպե,  գուլպաները չորացել են ու խառնվել իրար, պիտի գտնենք  միանման գուլպաները և զուգավորենք: Ահա՛ խնդրեմ, հաջորդ խաղը ծնվեց, խենթանալ կարելի է: Զուգավորելուց հետո նրանք դարձան կլոր գնդիկներ, ու սկսեցինք միմյանց հարվածել:Նարեկն ասաց.«Ընկե՛ր Նելի, զգուշացի՛ր, գուլպայագնդիկով հարվածում եմ»: Միասին սկսեցինք մի լավ հրճվել: Սա էլ ձեզ «Ձնագնդի-Գուլպայագնդի»:

Խաղալիք կարող են լինել հենց սաների հողաթափերը, շապիկները, մազակալները, օղակները և, իհարկե, նաև ոչ պիտանի իրերը՝ պոլիէթիլենային շշերը, մեկանգամյա օգտագործման ափսեները և բաժակները… ընդամենը երևակայություն և մտքի ազատություն, սրընթաց թռիչք…

Խաղալիք կամ խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ դրան ավելացնենք լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրամասը, կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…: Ա՛յ, այսպիսի խենթ միջավայր ու մոլորակ է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:

Չեմ կարող այս առումով չառանձնացնել ու չխոսել ծիսական տիկնիկների մասին: Բոլոր ազգային ծեսերը առանձնանում են իրենց ծեսին հատուկ տիկնիկներով: Այդ ընթացքում մեր ձեռքերով պատրաստում ենք տիկնիկներ, ցույց տալիս դրանց դերը ծեսի ժամանակ: Դրանցից են՝ Անձրևաբեր տիկնիկը, Ակլատիզը, Ուտիս տատը, Ծաղկամայր տիկնիկը: Ընտրելով, հայթայթելով համապատասխան նյութերը՝ սկսում ենք համադրել այդ ամենը և ստեղծել մեր իսկական՝ ծիսական տիկնիկները, որից հետո խաղում ենք մի մեծ խաղ — ծիսական ներկայացում: Աննկարագրելի մի զգացողություն է, երբ երեխան  ունենում է տիկնիկ ոչ թե խանութից գնած, այլ հենց իր ձեռքերով ստեղծած: Նա ստեղծում է իր պատկերացրած, երևակայած, իր ուզած համազգեստով և գույներով, իր հեքիաթի տիկնիկը: Ստեղծում ենք նաև հեքիաթների հերոսներին պլաստիլինից, կավից, ձեռնոցներից, գուլպաներից ու գեղեցիկ հեքիաթի բեմադրություն խաղում, որից հետո կազմակերպում ենք ցուցահանդես — վաճառք, ինչպես նաև նվիրում մեր գործընկերներին: Այս ամենը նկարահանում ու վերածում ենք ֆիլմի և տարածում այն: Համագործակցելով այլ դաստիարակների, երաժշտության ուսուցիչների, տեխնոլոգների, ծնողների, համայնքի, մարզի հետ՝ փոխայցելություններով տարածում և  սիրելի ենք դարձնում այն, ինչն ազգային է, հայեցի և շիտակ:

Ահա այսպես այդ ինքնաբուխ,ազատ, չթելադրող, չպարտադրող խենթ ռոդարիական երևակայությամբ, որին միանում են նաև Աղայանը, Թումանյանը, Կոմիտասը, ստեղծեցինք և հավաքեցինք մեր խաղ-խաղալիքների փաթեթը:

«Խաղալիքաստեղծ և խաղաստեղծ»-խաղերը  բաժանվում են 3 խմբի՝

  • Խաղալիքաստեղծ խաղ-խաղալիքներ (ստեղծվում են  սաների, դաստիարակների, ծնողների օգնությամբ):
  • Բակային  և խմբային խաղաստեղծ խաղեր (հիմքում ընկած է ռոդարիական երևակայությունը):
  • Ազգային, ծիսկան տիկնիկաստեղծ խաղալիքներ:

Այս բոլոր խաղերի ընթացքում երեխան անընդհատ շարժման մեջ է: Երաժշտություն + խաղ + մարմնամարզություն + ազատություն և երևակայություն = կյանքի բնական ընթացք՝ ահա՛ և մեր ուսուցման բանաձևը:

Ինչպես տիկին Աիդան էր ասում. «Խաղը երեխայի, նաև մեծերի կյանքի ընթացքն է, նայած թե տվյալ պահին ինչ ես խաղում և ինչի անունն ես խաղ դրել»:

Ձեռք բերած փորձն ու հմտությունը, մտածողությունը, ներքին զգացողությունները խմբում լուսավոր, ստեղծագործական, զվարճալի, հրճվալի միջավայր են դառնում:

Ստորև ներկայացնում եմ Արևելյան դպրոցում ստեղծված խաղ-փաթեթները՝

Խաղալիքաստեղծ խաղ-խաղալիքներորոնք ստեղծվում են  սաների, դաստիարակների, ծնողների օգնությամբ՝

 Խմբային խաղաստեղծ խաղերորոնց հիմքում ընկած է ռոդարիական երևակայությունը՝

Բակային խաղաստեղծ խաղեր, որոնց հիմքում ընկած է ռոդարիական երևակայությունը՝

Ազգային, ծիսկան տիկնիկաստեղծ խաղալիքներ՝

Պետք չէ նախապես մշակած նախագծով ներկայացնել խաղ-գործունեությունները: Ես սկսեցի այդպես, բայց երբ սկսեցի խաղալ, զգալ, հասկանալ յուրաքանչյուրի կարողությունները, հմտությունները իմ նախագծած փաթեթների շարանը մի կողմ դրեցի և սկսեցի հետևել, հենց տեղում ստեղծել մեր խաղ-փաթեթները: Ստեղծական միջավայրում խաղ-գործունեության միջոցով փորձում էի զարգացնել սաների՝

  • ստեղծագործելու,երևակայելու, հորինելու կարողությունները,
  • ինքնուրույնության դրսևորումը,
  • հաղորդակցական կարողությունները,
  • տեխնոլոգիական պարզագույն հմտությունները,
  • թիմով խաղալու, զիջելու կարողությունները,
  •  ֆիզիկական կարողությունները:

Շրջապատող աշխարհը հասկանալու և կազմակերպելու փորձերում երեխաներն օգտագործում են իրենց երևակայությունն ու խաղը: Նախ՝ դրանց միջոցով երեխաները հետազոտում են իրականությունը, այսինքն՝ իրենք իրենց հարց են տալիս. «Ի՞նչ կլինի, եթե…»: Մենք շատ հաճախ ենք խաղում Ռոդարիի հնարքներով՝«Ի՞նչ կլինի, եթե…» և ստանում բազում երևակայական պատասխաններ սաներից: Ռոդարին միշտ մեր խենթ մոլորակում է, մեր կենդանի ապրումի գործուն աջակիցն է: Ռոդարի կա ամեն ինչում, ամեն տեղ, ամենուր: Ռոդարիի ստեղծագործությունները ձևավորում են ստեղծագործելու, երևակայելու  հմտություններ, կարողություններ:

Մի՛ սահմանափակեք ազատությունը, թո՛ւյլ տվեք ապրել, զգալ, շոշափել այն ամենը, ինչը շրջապատում և ուղեկցում է մեզ՝ մանուկներիս։

Рубрика: Հոդված, Դաստիարակի օրագիր

Նախադպրոցական հաստատությունների վերապատրաստման օրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով 2006թ.-ից մշակվում, իրականացվում է նախադպրոցական կրթության հեղինակային ծրագիր:

Բովանդակություն

  • Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր,
  • Նախադպրոցական խմբերում իրականացվող աշխատանքային նախագծեր, այդ թվում՝
    ա․ հիգիենա-ինքնուրույնություն,
    բ․ սննդի կազմակերպում (նախաճաշ, ճաշ),
    գ․ քուն, օրորոցային երգեր,
    դ․ մարզական պարապմունքներ,
    ե․ տեխնոլոգիական գործունեություն,
    զ․ երաժշտական խաղեր,
    է․ պար, թատրոն,
  • դաստիարակի բլոգը որպես ուսումնական գործիք,
  • դաստիարակի ընթերցարան:

Աշխատակարգ  

Վերապատրաստվողները փոքր խմբերով աշխատում են կրթահամալիրի կրտսեր դպրոցների նախակրթարանների և կրտսեր առաջին դասարանցիների խմբերում:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում տեղի են ունենում նախադպրոցական հաստատությունների վերապատրաստման դասընթացներ: Դաստիարակները ներկայացնում են իրենց հեղինակային կրթական ծրագրերն ըստ ուսումնական օրացույցի՝ «Դպրոց –պարտեզը ծեսի բաց լաբորատորիա» նախագծով: Վերապատրաստվողները նախապես հայտագրվում են Info@mskh.am , ծանոթանում նախապես հրապարակված ծրագրին Բարեկամություն և 5 օր շարունակ լինում կրթահամալիրի նախակրթարաններում, երգում, պարում, խաղում, մարզվում, խենթանում, հրճվում այս խենթ միջավայրում, ասել է թե՝ «Միասին ապրելու կրթություն` խաղով, երգ ու պարով»:

Նախադպրոցական հաստատությունների հեղինակային վերապատրաստումները բաժանվում էին երկու խմբի`գործնական և ինքնակրթության

  • Գործնական. 5օր շարունակ աշխատում, ապրում, ստեղծագործում էին ազատ ,թափանցիկ, ստեղծական բաց համակարգում: Դաստիարակների հետ քննարկում ,մշակում էին հաջորդ օրվա նախագծերը և տեղադրում բլոգում: Հաջորդ օրը իսկական իմացումի հրճվանք ապրում  միասին:
  • Ինքնակրթություն. նախապես վերապատրաստողների համար տեղադրվում էր  Նախադպրոցական հեղինակային կրթական ծրագիր. նյութերի մեդիափաթեթը: Վերապատրաստվողները տանը ընթերցելուց հետո օրվա վերջում  ծրագրի ղեկավարի և դաստիարակնների հետ  30 րոպե քննարկում :

Հետագա կապը`

  • Հեռավար առցանց համգործակցություն, բլոգավարություն
  • Արձագանք. տվյալ մարզի մանկապարտեզներում հրավեր միասնական ծես նախագծեր իրականացնելու նպատակով:

Մեզ միանում են նաև ծնողները, ինչից վերապատրաստվողները շատ զարմանում են, բայց չէ՞ որ ծնողը ծանոթ է ծրագրին, տեղյակ է նախակրթարանի գործունեությանը: Ծնողը ոչ միայն պատվիրատու է, գործընկեր, այլև իր երեխային վերաբերող նյութի յուրացնողը, իրագործողն ու տարածողը: Պարտեզ-սան-ծնող կապը միշտ ամուր է: Վերապատրաստվողները մեզ որակում էին էսպես․«Էս էն խենթերի խումբն է», որտեղ տիրում է ազատությունը, ինքնուրույնությունը, ինքնակազմակերպումը:

Մոնտեսորին է ասել․«Մարդը չի կարող ազատ լինելեթե ինքնուրույն չէ»: Վերապատրաստվողների խումբը հաճախ զարմանում են, թե ինչպես կարող են երեխաներն այս ազատության մեջ առանց դաստիարակի հրամանի, միջամտության ինքնուրույն կազմակերպել իրենց առօրյան՝ առանց  բղավելու , իրար վնասելու, ու շարունակ կրկինում էին․ «Ձեր սաները խաղաղ են , ո՞րն է դրա բանաձևը»: «Կարգապահությունն ազատության մեջ է»,- կասեր Մոնտեսորին: Նշեմ նաև, որ մասնակիցներին հիացնում է այն,  որ դայակ-դաստիարակի փոխարեն խմբում երկու դաստիարակ կա։

Ամեն ամիս մեր հանդիպումներում  ներկայացնում ենք հետևյալ թեմաները­՝

Առաջին անգամ վերապատրաստման ծրագիրի համակարգումը  գործի դրվեց  2006թ: 2017թ. դեկտեմբերից  սկսեցինք համակարգել ես և Գոհար Բալջյանը:  2017թ. մեկնարկը տրվեց Հյուսիսային դպրոց –պարտեզից: Հյուսիսային դպրոցի «Հարթակ» ակումբում տեղի ունեցավ դաստիարակների,  երաժշտության դասավանդողների և ծրագրի ղեկավարների հերթական հավաք-քննարկումը, որտեղ քննարկվեց նախադպրոցական հաստատությունների վերապատրաստման 6-րդ փուլի ծրագիրը:

Ուշագրավ էր այն, որ տնօրեն տիկին Սուսաննան շատ ոգևորված նկարում և գրի էր առնում այն ամենը, ինչ տեղի էր ունենում խմբասենյակում («Լյոխ լյավա»), նաև Գյումրու երաժշտության ուսուցչուհու և դաստիարակի  («Հըբը՛») փորձի փոխանակումների մասին եմ ուզում նշել, ինչպես նաև «Բլբլան» ռադիո թողարկումը («Ինչխ ես») ամանորյա եթերով:  Գյումրու «Արձագանք» մանկապարտեզի համար բլոգ բացեցինք և կապը շարունակեցինք հեռավար, առցանց, որից հետո հրավեր ստացանք մեկօրյա վերապատրաստում կազմակերպել «Արձագանք» մանկապարտեզում։ «Ուսումնական Գյումրի».փոխանակումների ծրագրով մարտի 17-ին Շիրակի մարզ՝ քաղաք Գյումրի«Արձագանք» ՀՈԱԿ մանկապարտեզում էինք՝ «ԾառզարդարԶատիկ դպրոց-պարտեզը ծեսի բաց լաբորատորիա» նախագիծ -ծեսը միասնական ներկայացնելու –խաղալու, կապը էլ ավելի ամրապնդելու, իսկական բարեկամության կամուրջ ստեղծելու կրթահամալիրի հետ:

Դաստիարակների պատում տեսանյութեր՝այստեղ

Փետրվարի 19-ին  տնօրեն-դաստիարակների վերապատրաստման 2-րդ փուլի մեկնարկն էր: Արևելյան դպրոց-պարտեզում հյուրընկալել էինք Բյուրականի ՀՈԱԿ մանկապարտեզի տնօրենին և դաստիարակներին: Հինգ օր շարունակ ապրեցինք միասին՝

Բյուրականի մակապարտեզի համար վերապատրաստվողների հետ բլոգ բացեցինք։  Քիչ թե շատ ծանոթացրինք բլոգավարությանը։ Բյուրականի տնօրեն Քրիստինե Բադալյանի հետ աշխատում էինք նաև հեռավար, և ահա ստացանք երկրորդ հրավերը դեպի Բյուրական՝ փոխայցելության՝ « Զատիկ —  Կանաչ – կարմիր կիրակի կամ Կրկնազատիկ» նախագծով։  Ապրիլի 7-ին տեղի ունեցավ մեկօրյա վերապատրաստում «Բյուրականի մանկապարտեզ» -ում։

Ահա դաստիարակների պատում տեսանյութերը և տնօրեն Քրիստինե Բադալյանի արձագանքը։

Օրը միշտ սկսում էին մարզական-ռոդարիական խաղերով՝ իհարկե բաց չթողնելով մեր սիրելի գլուխկոնծին։ Անփոխարինելի Ռոդարի, ում անսահման ստեղծագործական երևակայությամբ վարակվելով՝ սաների հետ շարունակ երևակայում ենք աներևակայելին…

Վերապատրաստվողները մեծ ոգևորությամբ  մասնակցում էին բոլոր խաղերին, է՛լ գլուխկոնծի էին տալիս, է՛լ անցնում օղակների միջով։ Նախաճաշից հետո միշտ բակում էինք ։ Ոչինչ չի կարող մեզ խանգարել, անգամ եղանակը, լինի անձրև թե քամի։ Այնպիսի՜ լվացք ենք արել, այնպիսի՜ լվացք․․․ Վերապատրաստվողները զարմացած էին մնացել։ Ռոդարիական խաղերը և մարզումները շարունակում էինք մարզական պարապմունքների ժամանակ: Շատ սիրում ու ոգևորվում էին մարզական պարապմունքներից:

Վերապատրաստման չորրորդ փուլ՝ 2018թ․, ապրիլի 16-20  «Համբարձման  ծես»  ուսումնական նախագիծ 

Ապրիլի 16-ին նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման 4-րդ փուլի առաջին օրն էր։ Տարբեր մարզերից մեզ էին միացել 22 դաստիարակներ, մեթոդիստներ և օգնականներ։ Օրն սկսվեց առավոտյան պարապմունքով Մայր դպրոցում, որից հետո տիար Բլեյանը ներկայացրեց կրտսեր դպրոցների ղեկավարներին։ Ընդմիջումից հետո շրջայց կատարեցինք Մայր դպրոցով և կրտսեր դպրոցի ղեկավարների հետ քայլարշավ կազմակերպեցինք դեպի դպրոցներ։ Դաստիարակները բաժանվեցին խմբերի, ծանոթացան, ճաշեցին, մասնակցեցին քնի ծեսին և մեր դաստիարակների հետ մարզական պարապմունքին։ Ապա կլոր սեղան կազմակերպվեց օրվա ամփոփմամբ Գոհար Բալջյանի ղեկավարությամբ։

Հետո մեզ միացան «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի մասնակիցները. ևս մեկ անգամ հիացմունքը և հպարտությունը միախառնվեցին իրար: Միշտ հիացած եմ երգչախմբի ելույթներից: Կարծես հայտնվում ես մի մաքուր, թափանցիկ ու երկնային կյանքում, կտրվում ամեն ինչից ,ամենքից: Մաքրվում է ներսդ և հարստանում ներաշխարհդ:

 Իսկ 2-րդ օրն սկսեցինք 5 տարեկանների հետ վիճակի պսակներ պատրաստելով , երգով ու պարով։ Դրանից հետո Նառա Նիկողոսյանի հետ Արևելյան լանջերին ծրագրային քննարկումներ և հետագա աշխատանքը կազմակերպելու հեռավար ծրագրեր մշակեցինք։ Այնուհետև «Սեբաստիա» համերգասրահում երգի-պարի պարապմունք, որից հետո ես և Սաթեն Քարաջյանը ներկայացրինք դաստիարակների՝ զույգով աշխատելու կարգը։ 3-օրը յոթ աղբյուրց, յոթ բուռ ջուր հավաքեցինք՝ նորից ներգրավելով ծնողներին ծեսի իրականացման գործում, այցելեցինք ծնողների տներ, երգեցինք, կոնֆետներ և հավկիթներ ստացանք նվեր:

Այս ընթացքում ես որոշ ժամանակով լքել եմ իմ խենթ մոլորակը , բայց ֆիզիկապես, իհարկե : Հիմա ավելի շատ լինում եմ վերապատրաստվողների հետ կամ ներկայանում եմ նախագծերով խմբերում։ Սկզբնական շրջանում ծանր էի տանում այն փաստը , որ չեմ լինելու իմ մոլորակում, բայց սա ևս մի հարթակ է՝ բացահայտելու ինքս ինձ այլ տեսանկյունից, չգիտեմ գուցե նորովի, անկանխատեսելի, անսպասել…

Ավարտվեց նախադպրոցական հաստատությունների վերապատրաստման 2018թ 4-րդ փուլը: Հինգերորդ օրը շատ հագեցած էր: Վերապատրաստվողները հանդիպեցին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, օրհնվեցին և շրջայց կատարեցին Մեդիա կենտրոնից քայլարշավով դեպի Հյուսիսային դպրոց, որտեղ էլ սկսվեց վերապատրաստման տոնական ընդհանուր պարապմունքը: Դրան հաջորդեց տեխնոլոգիական պլեները կենդանի, ծիսական երգերի ուղեկցությամբ, որից հետո կլոր սեղան -քննարկումներ եղան: Հյուրասիրություն և, իհարկե, վկայագրերի հանձնում: Եվ այսպես շարունակ հանդիպում և քննարկում ու լուսաբանում էինք մեր աշխատանքները: Դաստիարակները օրվա վերջում փոքրիկ պատում-ֆիլմերը տեղադրում էին իրենց բլոգներում , որից հետո որպես հաշվետվություն՝ ամսվա վերջում հրապարակում ենք 2-5տարեկանների զարգացման և խնամքի բլոգում։

2017թ. օգոստոսից մինչև 2018թ. ապրիլ ամիսը նախադպրոցական հաստատություններից Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում վերապատրաստվել են մոտ 500 նախադպրոցական հաստատություններում աշխատողներ`դաստիարակներ, օգնականեր,տնօրեններ, մեթոդիստներ, երաժծտության դասավանդողներ, տեխնոլոգներ

2017-2018թթ. նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստումների ընթացքում հեռավար աշխատել և գործում է 4 բլոգ՝ Գյումրու «Արձագանք» , Բյուրականի ՀՈԱԿ  , Դիլիջանի թիվ 3 և Սասունիկի «Արմինե Կարապետիի» անվան նախակրթարանների բլոգները։ Առաջիկայում պատրաստվում ենք գնալ Սասունիկ «Արմինե Կարապետիի» անվան ՀՈԱԿ և Գյումրու «Գոհար» ՀՈԱԿ, համագործակցում ենք նաև Ստեփանակերտի «Մանկան մոլորակ» նախակրթարանի հետ ու ևս ունենք հրավեր:

Рубрика: Հոդված

Երաժշտությունը երեխայի կյանքում

 

«Պարը, խաղը, ասմունքը, երգն ու մարզանքը պետք է դիտել որպես երգերաժշտության դասավանդման համազոր և հավասար միավորներ»:

                                                                                     Արթուր Շահնազարյան   Читать далее «Երաժշտությունը երեխայի կյանքում»