2020թ. հունվարի կեսերից ստեղծվեց դաստիարակների պարային համույթը։ Ընթացքում որոշեցինք նաև մեր՝ 2-4 տարեկանների դաստիարակների պարային խմբի անունը՝ «Նռանե»։ Կարծում եմ` շատ գեղեցիկ անուն է, նազանք ու սեթևեթանք կա արտասանության մեջ. այն հայուհու հին հայկական անուն է։
2-4 տարեկանների լաբորատորիայի բլոգում բացեցինք համանուն բաժին, որտեղ զետեղված են բոլոր սեմինար-պարապմունքները և տեսաֆիլմերը։ Յուրաքանչյուր պար սովորելուց առաջ պարուսույց Լաերտ Գրիգորյանը տալիս է որոշակի տեղեկատվություն տվյալ պարի մասին՝ երբ են պարել այդ պարը, պարի միջոցով ինչ են ցանկացել փոխանցել միմյանց։ Կան պարեր, որոնք երկխոսություն են, որոնք ազդարարում են ինչ-որ բանի սկիզբ, խրոխտ են։ Ազգային պարերի մեջ միշտ առաջին տեղում են հայի հպարտությունը, հզորությունը և միևնույն ժամանակ՝ մարդու հեզությունը։ Պարի միջոցով փոխանցվում են էներգիա, տրամադրություն։ Մարմնի խաղին միանում է նաև հոգու ցնծությունը։ Պարը, երաժշտությունը, խաղը ունեն լեզու, երանգ և տրամադրություն, ինչն արտահայտվում է պարելիս։ Պարը «խոսում է» մեզ հետ, պատմում, ներկայացնում իր պատմությունը։
2-4 տարեկանների պարային համույթին միացան նաև 5 տարեկանների դաստիարակները՝ Անահիտ Գրիգորյանը, Լիլիա Զախարյանը և Մարգարիտ Թամազյանը: Հետագայում այնպես ստացվեց, որ սեմինար-պարապմունքը վերածվեց ակումբի, որին միացավ նաև ծնաղական համայնքը: Պարային ոգին կրթահամալիրից մտավ ընտանիք, և սկվեց մեր համատեղ աշխատանքը: Ամեն համերգից առաջ ծնողական համայնքը «Նռանե» պարային համույթի հետ մասնակցում է փորձերին, ապրում սեբաստացիական խենթ ու վարակիչ միջավայրում և ուրբաթ-համերգներին հաշվետու ելույթով հանդես գալիս։ Սեմինարներին աստիճանաբար ներգրավելով ընտանիքը, ընտանիքն էլ իր հերթին՝ ընկեր-բարեկամին՝ պարը հանպատրաստից մտնում է յուրաքանչյուրի տուն: Կրթահամալիրի բաց լինելու, թափանցիկության, ազատ միջավայրի շնորհիվ է ծրագիրը ազատ ճախրում և գտնում իր հասցեատիրոջը։ Չկան ծածուկ, թաքուն, գաղտնի պարապմունքներ, կան բաց, բացօթյա պարապմունքներ, չկան սահմանզատումներ․ մեր կրթությունն անսահման է և անեզր: Հաճախակի ենք ելույթ ունենում ուրբաթ-համերգների, ծեսերի, միջոցառումների ժամանակ: Մենք բաց ենք, թափանցիկ և վարակիչ: Վարակվե՛ք սեբաստավիրուսով, որը չի պահանջում ո՛չ մեկուսացում, ո՛չ պատվաստանյութի ստեղծում․ պարզապես պահանջում է հրճվանք և միասին ապրելու ցանկություն։ Յուրաքանչյուր երկուշաբթի, ժամը՝ 13:30-14:30, պարային ակումբի բաց պարապմունքներն են, որոնց կարող է միանալ յուրաքանչյուր մարդ, որը պատրաստ է իր մեջ կրել և տարածել ազգային ոգին և սերը:
Կարի լաբորատորիայի մասնագետների աշխատանքների շնորհիվ «Նռանե» պարային համույթը շուտով կունենա տարազային համազգեստ՝ ստեղծելով իր բրենդը։ Կշարունակենք պարել և համագործակցել պարային նախագծերով այլ խմբերի հետ նույնպես։
«Վստահ, ազատ, միամիտ, քնքուշ, նուրբ, վեհ, եռանդուն, լուրջ, համեստ, վայելուչ: Հայ գեղջուկ պարը կիրք զարթնեցնող շարժումներ չունի և զգացմունքներն արտահայտում է ոչ թե մեղկ, մոլի, կատաղի, հրապուրիչ և այլ շարժումներով, այլ պարերգերի միջոցով: Ազգի մը քաղաքակրթությունն է կապված իր պարին շարժումներու զարգացումը»: Կոմիտաս
«Նռանե» պարային համույթի ցանկացած մասնակից արդեն տիրապետում է իր մարմնի շարժումներին, գիտի՝ որտեղ է ճկուն, որտեղ է թերանում, ինչպես կարելի է խաղալ կամ մարզվել, ինչպես հարմարեցնել շարժումները սաների տարիքին համապատասխան, որպեսզի միանա երաժշտությունը, և ծնվեն խաղիկներ, խաղերգեր, պարերգեր: Այսպես օրինակ՝ ինչպես խնոցի խաղալուց ոտքերը ետ ու առաջ տանել, որ ճոճք դառնա, ինչպես թաշկինակը ձեռքում ռիթմիկ ցատկել և ավելացնել ծափեր, ապրել հրճվանք: Պարը նախակրթարանում հենց խաղն է, թռիչքը, հաշիվը, ծափը, ոչ թե հավասար, մեկ գծով թաթ-կրունկ հրահանգները, սլացիկ քայլքը։ Սանն այդ ամենը կանի՝ երգի հնչյունները լսելով, այնպես, ինչպես կզգա, ինչպես մարմինն է թելադրում:
Մինչև նախագիծը կազմելը առավոտյան մարմնամարզությունն անում էինք արտասահամանյան երաժշտության ուղեկցությամբ, կարաոկեներով: Մի պարապմունքի ժամանակ երաժշտությունը փոխվեց. պարզվեց, որ ազգային երաժշտության, պարեղանակի, դհոլի ձայնի ուղեկցությամբ մարզանք անելը շատ ոգևորիչ և հաճելի է: Ընտրեցինք առավոտյան պարապմունքի այս տարբերակը: Հիմա այդպիսի երաժշտության ուղեկցությամբ ենք մարզվում։ Ազգային երաժշտությունը, հատկապես քոչարիի, յարխուշտայի հնչյունները երեխաներին ավելի են ոգևորում, շարժումներն ավելի մարզական են դառնում: Թռչում են, ոտքով խփում գետնին, տարբեր ձայներ են հանում, հրճվում: Սկզբում մենք ուղղություն էինք տալիս, հետո ազատ թողեցինք։ Ընթացքում դաստիարակներով սկսում ենք պարել սեմինարների ժամանակ յուրացրած պարերը և փորձում դրա մեջ ներառել նաև ծնողին։ Առավոտյան ծեսի (կամ այլ ծեսերի) ժամանակ փորձում ենք մեր իմացածը փոխանցել ծնողին, իսկ սանն էլ կրկնօրինակում է այնպես, ինչպես իրեն հարմար է․ կարևորը զգում է ազգայինի երաժշտությունը, պարեղանակները։ Չէ՞ որ պարերը, թափառելով երկրեերկիր, թաղեթաղ, փողցեփողոց, ապրելով երկար տարիներ, դարեր, տեսակավորվել են, ճյուղավորել, ձևավորել բազմաթիվ տարբերակներ։ Այդպես էլ երաժշտության դաստիարակներին շատ հավես շարժումներ կարող են փոխանցել 2-5 տարեկաների ինքնաբուխ շարժումները, որոնցից կծնվեն նոր պարեր: Նախակրթարանի ծրագրում եղած խաղերն ենք խաղում՝ «Քուրիկ Զիզի», «Խնոցի», «Ջաղաց», «Աղվես» և այլն, որոնք և՛ բանավոր խոսքով են, և՛ երգով, և՛ խաղով: Ծնողներն այս ամենը տեսնում, սովորում և տանում են տուն: Կարևոր է, որ դաստիարակը խմբում շատ պարի, սեմինարներից հետո անպայման խմբասենյակ տանի պարը և սաների ներկայությամբ ներկայացնի յուրացրածը։ Շատ լավ է, որ մանկապարտեզը կապ ունի ժողովրդական պարեր կատարող պարուսույցի՝ Լաերտ Գրիգորյանի խմբի կամ խմբերի հետ։ Դա լավ հնարավորություն է տալիս, որ երեխաները դիտեն նրանց ելույթները, նույնիսկ մասնակցեն, անունով ճանաչեն և մտերմանան պարողների հետ, համատեղ նախագծեր մշակեն և փոքր խմբերով մտնեն նախակրթարաններ «Սովորող-սովորեցնող» նախագծով:
Եթե սաներն արդեն յուրացրել, սովորել են պարերգը, ապա ավելի լավ է, որ պարելիս երգեն կամ պարերգը սովորեն պարի հետ միաժամանակ: Կարելի է նաև երեխաներից թմբկահար, դպրոցի սաներից շվիահար ընտրել, թմբկահարը ապահովի ռիթմը, տա պարը ազդարարելու սկիզբը և ավարտը: Եթե պարը պարզ է, այսինքն` երեխաները պարում են իրենք իրենց, ազատ ձևերով, ուրեմն՝ թմբկահարի գործը շատ հեշտ է, պարզապես գտնում է պարին հարմար ռիթմը և ստեղծագործում:
Ցանկալի է, որ ունենան իրենց պարի շորերը` տարազը՝ պարզ հասարակ, հարմար: Ցանկալի է պարը կազմակերպել բացօթյա՝ բնության մեջ, այգիներում, պուրակներում։ Խմբասենյակում կազմակերպելու դեպքում շատ հարմար են մարզական հարթակները, գորգերը։ Խմբասենյակում կարելի է հայելիներ ամրացնել, որպեսզի նայեն և կրկնօրինակեն շարժումները, իսկ տարածքը միշտ պիտի լինի օդափոխվող և ախտահանված։
Պարը գեղեցիկ է և բնական, երբ պարում են տարբեր տարիքի երեխաներ։ Երբ 5 տարեկանների խումբը յուրացնի պարը, նրանց կարելի է միացնել փոքրերին, որպեսզի մեծերին նայելով՝ ավելի արագ ու սիրով սովորեն պարել: Փոքրերի պարը պետք է լինի շատ պարզ` քայլել նվագի ուղեկցությամբ, միմյանց ձեռքից բռնած՝ շարժվել աջ ու ձախ, ձեռքերը շարժել, ծափ տալ, տեղում պտտվել և այլն: Ընթացքում հարկավոր է աստիճանաբար հղկել, կոկել, նրբացնել ու մանրել շարժումները, ոտքերի, ծնկների շարժումները պարային համակարգի բերել: Շատ կարևոր են ազատ, ինքնաբուխ պարերը։ Երբ երեխային լրիվ ազատություն է տրվում, նվագը լսելով՝ նա սկսում է մենապարել, պտտվել ու թռչկոտել ըստ իր ցանկութան, կամաց-կամաց նրան են միանում ընկերները, և սկսում է պարային մենամարտ հավես խաղը: Կարելի է նրանց հուշել, որ նմանակեն որևէ կենդանու և նրա պես պարեն:
Պարային հավես շարժումներ են ստեղծվում խաղողածեսի ժամանակ, երբ ոտաբոբիկ սկսում են համաչափ ճզմել խաղողը, տրորել և չլմփացնել ռիթմիկ շարժումներով, լողավազանի մեջ՝ չլմփոցներով, տկլորիկ փորիկերին ռիթմիկ հարվածելով պարելով, ջրում երաժշտություն և շարժում հորինելով և այլն։ Ամեն ինչում և ամեն տեղ կարելի է պարային շարժում և պար ստեղծել կենդանի պարերգերի ուղեկցությամբ, հարվածային գործիքներ ստեղծելով, ինչպես օրինակ՝ ջրի չլմփոց, ոտքերի հարված, ծափ, դույլ-թմբուկ, շիշ-շրխկաններ, քար-շրխկաններ…
Երբ սանը ցանկանա պարել, նրան չպետք է արգելել, ինչ ժամանակ ու հանգամանքներ էլ լինեն, թող պարի՝ ստեղծագործի:
Նախակրթարաններում ստեղծել ենք երաժշտական գործիքների հատված, որը կոչվում է երաժշտական պատ: Այն շարժական է։ Պատին փակցված են զանազան նվագարաններ: Նվագարանների մի մասը ամրացված է, մի մասը դրված է սաներին հասանելի մասերում, մի քանիսը խմբասենյակի տարբեր մասերում շաղ են տված, առաստաղից առաձգական թելով կախված են…Նվագարանները տարբեր չափերի և տիպերի են՝ թմբուկներ, դափեր, գդալներ, փայտե և երկաթե, շրխաններ, թմբուկ կոպալով, կարկաչա, չխկչխկան, ճռիկ, զանգակներ, շվի, շրթհարմոն, դաշնամուր և այլն (ինքնաշեն երաժշտական գործիքներ՝ ստեղծված սաների ձեռքերով)։
Այս նվագարանները կարելի է պատրաստել նաև փոքր չափերով՝ փոքրիկ դաշնամուրներ, քսիլոֆոններ, տավիղներ, սուլիչներ և զանազան մանկական նվագարան-խաղալիքներ, որոնք կարելի է ազգային նվագարաններին զոգահեռ օգտագործել:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում խաղալիքներ, երաժշտական գործիքներ, շրխկաններ փորձում ենք ինքներս պատրաստել և դրանք անվանում ենք «ինքնաշեն» գործիքներ: Երբ ծանոթանում ենք տվյալ երաժշտական գործիքին, փորձում ենք ինքներս պատրաստել, և թեկուզ այն չհնչի այնպես, ինչպես իրական գործիքն է հնչում, բայց և այնպես, արտադրության գործընթացի հաճույքը և հետագայում այդ գործիքով խաղալը գերազանցում են բոլորիս սպասելիքները: Պետք է տեսնել նրանց հրճվանքը երաժշտական գործիքը ինքնուրույն ստեղծելիս, իսկ այդ ստեղծած գործիքից ձայնի վերարտադրումը գերագույն հաճույք է պատճառում նրանց, խենթանալու աստիճան հաճելի է։ Ահա՛ ձեզ իմացումի հրճվանքի ևս մի կարևոր դրսևորում:
Կարևոր է երեխային տալ ազատություն, չկաղապարել նրան, չթելադրել, թե ինչպես խաղալ ինքնաստեղծ գործիքով, թող նա հորինի, ստեղծի, երևակայի, մտածի: Երևակայությունից հետո հաջորդ քայլը ստեղծականությունն է, ստեղծագործենք ազատ և վայելենք այն: Կյանքով ուսուցում, որը անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանքը:
Դաստիարակը, ծնողը այն մարդիկ չեն, ովքեր ինչ-որ բան են սովորեցնում, այլ մարդիկ, ովքեր ոգեշնչում են, որ սանը, սովորողը ինքնուրույն բացահայտի, հայտնագործի ու ապրի իմացումի՝ իրեն հատուկ, յուրովի հրճվանքը:
Սաները այդ գործիքները պետք է ազատ օգտագործեն և խնամեն: Դաստիարակները չպետք է բողոքեն աղմուկից, որը դուր է գալիս երեխաներին: Երաժշտական գործունեությունը կարելի է իրականացնել նաև բացօթյա, բաց տարածության մեջ, հնչյուններին կմիանան թչունների ծլվլոցը, ծառերի խշշոցը, քամու մեղմ սուլոցը: Երաժշտականությունն անհրաժեշտ է ապահովել ամեն օր, ամեն ժամ։
Բոլոր խաղերի ընթացքում երեխան անընդհատ շարժման մեջ է: Երաժշտություն +պար+ խաղ + մարմնամարզություն + ազատություն և երևակայություն = կյանքի բնական ընթացք՝ ահա՛ մեր ուսուցման բանաձևը:
Երգ-երաժշտության յուրացումը կախված է նրանից, թե ինչպես է կազմակերպվում առօրյան, որովհետև երգն ու պարը պիտի ոչ թե լինեն ինքնանպատակ, այլ օգնեն, լրացնեն, գեղեցկացնեն, թեթևացնեն օրվա գործերն ու աննկատ կատարեն իրենց գործը: Երգը և երաժշտությունը պետք է կիրառել ամենուր՝ խմբասենյակը հավաքելիս, սանի հագուստը փոխելիս, լվացվելիս, լողալիս, ինքնագլոր և հեծանիվ վարելիս։ Ուսումնական գործունեության ընթացքում մեզ միշտ ուղեկցում են բազմաթիվ երգեր՝
- Արև, արև, եկ, եկ,
- Արև, արև, արի դուրս,
- Նուրին, նուրին,
- Փայտե ձիուկ,
- Հոպ, թռի,
- Բասեն բարի,
- Եկեք ծեծենք սոխն ու սխտոր և այլն։
Նախակրթարանը երգերը ընտրում է ծեսերի լաբորատորիայի ձայնադարանից երաժիշտ դաստիարակի օգնությամբ:
Կից ներկայացնում եմ «Նռանե» պարային համույթի լուսաբանումները։