Рубрика: Հոդված

Երաժշտությունը երեխայի կյանքում

 

«Պարը, խաղը, ասմունքը, երգն ու մարզանքը պետք է դիտել որպես երգերաժշտության դասավանդման համազոր և հավասար միավորներ»:

                                                                                     Արթուր Շահնազարյան  

Երեխաները դեռ ներարգանդային կյանքում կարողանում են տարբերել ձայները և արձագանքել ձայնին:  Նրանք կարողանում են նաև տարբերակել հարազատի, օտարի, ծանոթ-անծանոթի ձայների տեմբռը: Երաժշտության աշխարհի հնչյունները երեխաների մոտ զարգանում  են այն ժամանակ, երբ նրանց շրջապատող մարդիկ հատուկ ստեղծում են երաժշտական միջավայր: Ձայնը երաժշտության սկիզբն է:

Որոշ ծնողներ հարց են տալիս, թե ինչո՞ւ է անհրաժեշտ երեխային ծննդյան առաջին իսկ օրվանից երաժշտություն լսել: Նրանք մտածում են, որ ավելի լավ է զարգացնել  հիշողությունը, ուշադրությունը, տեսողական, համի, շոշափելիքի զգայարանները: Փորձենք վերլուծել:

Միաժամանակ պետք է նրանց հմտորեն պարզաբանել, ներկայացնել փորձով, որ երբ երեխային ծանոթացնում ես երաժշտությանը, դա չի նշանակում, որ այն երեխայի համար դառնում է կյանքի հիմնական նպատակ: Երաժշտության միջոցով հնարավոր է՝

  • փոխել վատ տրամադրությունը,
  • փոխել հուզական վիճակը,
  • զարգացնել երաժշտություն լսելու ցանկությունը,
  • ոտանավորը վերածել խաղ+երգ=խաղերգի և ավելի արագ յուրացնել և այլն:

Մեծ մասամբ երեխաները երաժշտական ստեղծագործություններին ծանոթանում են հեռուստատեսության, համացանցի, ռադիոյի միջոցով: Սակայն պետք է ճիշտ ընտրություն կատարել երաժշտական գանձարանից,  չլսել անորակ, երաժշտություն, քանի որ դա հանգեցնում է ռիթմի և  «երաժշտական ականջի» զգացողության վատ զարգացմանը:   Հարկավոր է, որ նրա լսողությունը ընտելանա բարձրորակ, լավ երաժշտությանը: Որպեսզի երեխան հասկանա երաժշտական ստեղծագործությունների բազմազանությունը, ծննդյան առաջին  օրվանից առաջարկում ենք կիրառել հետևյալ սկզբունքները:

  • Լսելով փոքրիկի հետ երաժշտական կատարումը՝ անհրաժեշտ է վերլուծել  տվյալ երաժշտության տեմպի  և  այլ հատկանիշների վերարտադրումը: Երեխան պետք է տարբերակի դանդաղ, արագ, զվարճալի և տխուր մեղեդիները:
  • Ցանկալի չէ լսել երաժշտություն կտրուկ փոփոխությամբ:
  • Շատ կարևոր է երեխայի մեջ սերմանել դասական երաժշտական ստեղծագործություններ՝ Կոմիտաս, Բախ, Մոցարտ…
  • Երեխանների առաջին քայլերը երաժշտական աշխարհում կարելի է սկսել ավանդական գործիքային երաժշտությունից:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  2 տարեկանից սկսած  սովորում են Կոմիտաս: Կրթահամալիրի բոլոր նախակրթարաններում հեղինակային երաժշտության ծրագիր իրագործելու համար ստեղծված միջավայրը՝ գունեղ, լուսավոր խմբասենյակներ՝ հագեցած դաշնամուրով,  երաժշտական ինքնաշեն, խաղալիք-շրխկան գործիքներով, ոչ միայն նպաստում է, այլև պարտավորեցնող է:

Նշենք, որ կոմպոզիցիաները, որոնք պարունակում են բնական հնչյուններ, շրջակա միջավայրի զանազան աղմուկները, թռչունների եւ կենդանիների ձայները նպաստում են լսողական ընկալման զարգացմանը: Նախակրթարանում առավոտյան սենյակի օդափոխությունից հետո սկսում ենք հավաքել տարածքը, բակ-պարտեզը և այդ ընթացքում լսել թռչյունների ծլվլոցը, շների հաչոցը, թիթեռների թեթև թռիչքի հնչյունները, ապա վերարտադրում ենք խաղի միջոցով՝ սկսում ենք հաչել, ծլվլալ, թիթեռի պես թռվռալ, `աքաղաղի ձայն հանել՝ նախ հաչելով, մլավելով կամ ծլվլալով՝ բարձր-ցածր ձայնային տոնայնությամբ,  երգել օրինակ «Արև արև»-ը, «Կաքավիկ»-ը…Ապա երգին գումարվում են նաև մարմնի շարժումները՝ դոփեր, ծափեր, թռիչք, վազք :Յուրացնում ենք երգը խաղի, նախավարժանքի,  լողալու, խնամքի  ժամանակ և նրանց միջոցով:

Ինչպես ճիշտ լսել  երաժշտություն երեխայի հետ

Երեխան ամենալավն ընկալում է մոր կողմից կատարված երաժշտական հատվածները: Մոր ձայնը երեխայի համար ամենագեղեցիկն է, երգեցիկն է, նուրբն ու բարին է: Մոր կատարմամբ երեխան կարող է լսել տարբեր հնչողության «րուրիներ»: Նախակրթարանի սաները սովոր են քնելուց լսել օրորոցայիններ (« Արի՜, իմ սոխակ», Բ. Կանաչյանի  «Օրոր»-ը)…: Նրանք  ինքնուրույն միացնում են համակարգիչը և ընտրում «րուրիները» կամ երգի ուսուցչուհու  կենդանի կատարմաբ ջութակի, դաշնամուրի կամ այլ ազգային երաժշտական գործիքների նվագակցությամբ ունկնդրում: Երբ երեխան առաջին անգամ է ծանոթանում երաժշտական գործիքին, հնարավորություն ենք տալիս երեխային ինքնուրույն ուսումնասիրել այն և փորձել գործիքից ձայն հնչեցնել: Այնուհետև երաժշտության ուսուցչուհին նվագում է ծանոթ մեղեդի, և երեխաները փորձում են այն գուշակել, որից հետո ինքնուրույն բացում են իրենց ակողինները ,հանվում և օգնում են այն  ընկերներին ,որոնք ունեն իրենց կարիքը, հետո սկսում են լսել կամ հենց իրենք էլ սկսում են երգել և սովորել «րուրիներ»: Ստացվում է՝ սովորում ենք ոչ միայն խաղի, ուտելու, մարզվելու, այլ նաև քնի ժամանակ:

Հաջորդ քայլը, որ արվում է երաժշտության ճանաչման ճանապարհին, այն է, որ տեղեկություն ենք հավաքում տվյալ գործիքի մասին ընտանիքի անդամներից, տեսանյութերից, երաժիշտ ընկերներից:

Ակնհայտ է, որ մեզ մոտ երեխաների երաժշտական ընկալումը ձևավորվում է տարբեր խաղաձևերով: Երաժշտական աշխարհի հետ ծանոթանալու այս ձևերը ներառում են `

Դեռ վաղ տարիքից հարկավոր է երեխայի հետ ստեղծագործական գործունեություն ծավալել հեքիաթների, նկարագրական տեսարանների, բանաստեղծությունների իմպրովիզացիայի միջոցով:

Երաժշտական «ինքնաշեն» գործիքներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում խաղալիքներ, երաժշտական գործիքներ, շրխկաններ փորձում ենք ինքներս պատրաստել և այն անվանում ենք «ինքնաշեն» գործիքներ: Երբ ծանոթանում ենք տվյալ երաժշտական  գործիքին, փորձում ենք ինքներս պատրաստել և թեկուզ այն չհնչի այնպես, ինչպես իրական գործիքն է հնչում, բայցևայնպես արտադրության գործընթացի հաճույքը և հետագայում այդ գործիքով խաղալը գերազանցում է բոլորիս պասելիքները: Պետք է տեսնել նրանց հրճվանքը  երաժշտական գործիքը ինքնուրույն ստեղծելիս, իսկ այդ ստեղծած գործիքից ձայնի վերարտադրումը գերագույն հաճույք է պատճառում՝ նրանց խենթանալու աստիճան:

Երաժշտական վարժությունները շատ օգտակար են երեխաների զարգացման, ոչ միայն լսողության, այլ նաև բազմակողմանի զարգացման  համար:

Ինչպես պատրաստել  լարային գործիքներ

  1. «Երգող» տուփ

Անհրաժեշտ պարագաներ՝

  • թեյի, քաղցրավենիքի երկաթյա տուփեր (նախընտրելի է քառակուսի կամ ուղղանկյուն ձևը),
  • ռեզինե մազակալներ:

Քաղցրավենիքի տուփի վրա հերթով շարում ենք մազակալները և սկսում ենք մատիկներով խաղալ ռեզինե հատվածների վրա: Ձայնն արտամղվում է երկաթե ծածկույթից եւ դառնում է ավելի մեղեդային և բարձր:

  1. Դափ

Անհրաժեշտ պարագաներ`

  • կպչուն ժապավենի դատարկ օղակ,
  • գույնզգույն կպչուն ժապավեններ,
  • տաք սոսինձ,
  • բրինձ, գնդիկներ, շաքարավազ, լոբի,
  • կինդեր-ձվիկներ:

Ձվիկների մեջ լցնում ենք բրինձ, լոբի… և կպչուն ժապավենով ամրացնում, գունավոր ժապավենները փաթաթում ենք օղակին ու տաք սոսինձով ամրացնում  ձվիկները:

  1. Երաժշտական խաղալիք՝ «կախարդական ֆլեյտա»

     Անհրաժեշտ պարագաներ՝

  • հյութի ձողիկներ,
  • մկրատ,
  • քանոն,
  • կպչուն ժապավեն:

Վերցնում ենք 9 հատ հյութի ձողիկ, մեկը թողնում ենք, ապա յուրաքանչյուր ձողիկ կարճացնում ենք 2սմ-ով և բոլոր ձողիկները փակցնում ենք կպչուն ժապավենին:

 

Երաժշտական խաղեր երեխաների համար

Երաժշտական խաղերը մանկական գործունեության ամենասիրելի տեսակներից մեկն են:

Լսողական ուշադրությունը զարգացնող խաղ

  1. Հավաքիր բերքը

Ամեն անգամ «Պապն ու շաղգամը» պատմելուց հետո երեխաներին խնդրում ենք, որ տատիկն և պապիկն օգնեն հավաքել շաղգամները: Խմբասենյակի, բակի տարբեր անկյուններում դնում ենք շաղգամները և միացնում ենք երաժշտությունը՝ բայց պարբերաբար դադարացնելով երաժշտությունը, նրանք արագ պիտի հավաքեն շաղգամները: Երեխայի խնդիրն է երաժշտության ընթացքում  հավաքել շաղգամները իսկ դադարի ժամանակ՝ քարանալ:

  1. Փիղ և թիթեռ

Այս խաղի ժամանակ երաժշտության ուսուցչուհին նվագում է դաշնամուրի ցածր և բաձր նոտաները, ու երեխան պետք է համապատասխանաբար ցուցադրի ցածր նոտաներով ծանր, դանդաղ շարժվող փիղ, բարձրով՝  արագ թռվռացող թիթեռ:

 

  1. Խաղում ենք հնչյուններով

Մեզ անհրաժեշտ  են տարբեր երաժշտական գործիքներ: Մենք խաղում ենք նրանցից յուրաքանչյուրով եւ ցույց ենք տալիս երեխային, թե ինչպես շարժվել յուրաքանչյուր գործիքի հնչյունների ներքո: Օրինակ՝ զանգի հնչյունը՝ ցատկել, շվիինը`թռչել, թմբուկինը` քայլել և այլն: Ապա մեծահասակները խաղում-նվագում են գործիքներով, իսկ երեխայի խնդիրն է կատարել համապատասխան շարժումները: Նման խաղը զգալիորեն զարգացնում է երեխաների ուշադրությունը եւ հիշողությունը: Չենք մոռանում նաև երեխայի  հետ դերերով փոխվել, քանի որ նրան դա շատ դուր է գալիս:

 

  1. Գուշակիր, թե ինչ գործիք է

Այս խաղի ժամանակ մենք օգտագործում ենք այն երաժշտական գործիքները, որոնք ունենք ձեռքի տակ: Նախապես ուսումնասիրում ենք, խոսում անուններից, լսում նրանց ձայնը, որից հետո երեխաները պտտվում են մեջքով, և սկսում են գուշակել՝ որ երաժշտական գործիքի ձայնն է հնչում: Այս խաղը խաղում ենք նաև այսպես` մեզ ծանոթ երգերից նվագելով մի քանի նոտա՝ երեխաները արագ գուշակում են երգը:

 

  1. Արագ- դանդաղ 

Բաժանվում ենք 2 խմբի՝ կրիաների և նապաստակների, ու սկսում ենք երգել արագ և դանդաղ՝ մե’րթ կրիաները դանդաղ, մե’րթ էլ  նապաստակները` արագ,  և հակառակը:

Այս բոլոր խաղերի ընթացքում երեխան անընդհատ շարժման մեջ է: Երաժշտություն + խաղ + մարմանամարզություն + ազատություն և երևակայություն = կյանքի բնական ընթացք՝ սա է մեր ուսուցման բանաձևը:

 

 

Ճամփորդություններ

 

  1. Կրթական փոխանակումներ . «Հնտիվիրուս Կոմիտաս»  

       Ուսճամփորդության գնացինք Բյուրականի մանկապարտեզ, տարածեցինք մեր հեղինակային ծրագրերը և նվիրեցինք «Կաքավիկ», «Ծուղրուղու» ժողովածուները, կրթահամալիրի երաժշտական թռուցիկները, որից հետո նրանք մեզ մոտ վերապատրաստվեցին: Մանկապարտեզի սաներին ծանոթացրինք Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին՝ փորձելով զարգացնել սաների երաժշտական ճաշակը, ստեղծագործական հմտությունները, բանավոր խոսքը, միմյանց հետ փորձի փոխանակման հմտությունները: Համագործակցելով դաստիարակի, երաժշտության ուսուցչուհու, ծնողի, համայնքի, մարզի հետ՝ փոխայցելություններով տարածում և  սիրելի ենք դարձնում այն, ինչն ազգային է, հայեցի և շիտակ:

  1. «Հնտիվիրուս Կոմիտաս»: Սովորողսովորեցնող նախագծի շրջանակներում բաց դաս Թումանյանի այգում՝
  2. Երաժշտական պատ + Կոմիտասի թանգարան  
  3. Երևանյան թափառումներ Կոմիտասի այգում

Երեխաների ընդունակություննեը զարգանում են երաժշտական ակտիվ գործունեության ընթացքում: Եթե վերցնենք Արթուր Շահնազարյանի «Կաքավիկ» երգարանը, բոլոր երգերը կարող ենք բեմադրել և խաղի վերածել: Ինչպես տիկին Աիդան էր ասում. «Խաղը երեխայի, նաև մեծերի կյանքի ընթացքն է, նայած թե տվյալ պահին ինչ ես խաղում և ինչի անունն ես խաղ դրել»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեղինակային երաժշտական կրթության առանձնահատկություններից մեկն այն է, որ երաժշտական կրթությունն  ուղղված է ոչ միայն նախակրթարանի սաներին և դպրոցականներին, այլև դասավանդողներին ու ծնողներին: Կրթահամալիրում երաժշտություն ունկնդրում, երգում ու պարում են բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման: Կարևոր է երեխային տալ ազատություն, չկաղապարել նրան, չթելադրել, թե ինչպես խաղալ երաժշտական  գործիքով թող նա հորինի ,ստեղծի, երևակայի, մտածի: Երևակայությունից հետո հաջորդ քայլը ստեղծականությունն է, ստեղծագործենք ազատ և վայելենք այն:

 

Оставьте комментарий