Рубрика: Տեսանյութեր

Բարձունքը հաղթահարված է։

Նամակ դասավանդողով. «Այս անգամ սեբաստացի մեծ ու փոքրով գրավելու ենք Մեծ Շարայի լեռներն ու հասնելու ենք Սուրբ Հովհաննես. Մայիս 28.2022թ.»։

Դե ինչ, 9։00 Սուրբ Երրորդության բակում զանգերի ուղեկցությամբ և օրհնանքով մոտ 80 սեբաստացի ծնող, սան, դասավանդող ճանապարհ ընկանք։ Մեր առաջին կանգառը Ապարանի «Գնթունիք»-ի գրավումն էր ազգային ծիսական խրոխտ պարերով։ Դե ինչ, շարունակեցինք. Տիգրան Զոհրաբյանի հրահանգումները լսելուց հետո շարան կազմած՝ շարժվեցինք դեպի քարանձավ քայլքով։ Շնչառությունը՝ անսպառ, թոքերը՝ 100% թթվածին ստացած, արյունը երակներում խաղաղ սավառնում է, հասնում գլխուղեղ ու նորից խաղաղ սահում դեպի սիրտ։ Աջ ես նայում, ձախ ես նայում ու խենթանում՝ աննկարագրելի, անիմանալի բնություն, աշխարհ, կտավ, նկար, ժամանակ առ ժամանակ սթափվում ես առաջնորդի՝ Տիգրանի ձայնից, ով տալիս էր իր ցուցումները , որից հետո նորից կորչում էս սիրուն աշխարհում, ճախրում երկնքում, կորչում ամպերի մեջ ու նորից իջնում ցած, պառկում -հպվում հողին, խոտին, թփին, լիցքավորվում ու նորից սավառնում։ Էս վերուվարով հայտնվում ես քարանձավում, շշմելու։ Մաքրամաքուր աշխարհ՝ կտրված քաղաքի փոշուց ու աղբից։ Փորձում ես արագ-արագ լիցքավորել թոքերդ, սիրտդ ու միտքդ ու դեռ ուշքի չեկած՝ հայտնվում ես արդեն Սուրբ Հովհաննես եկեղեցում։  Սեբաստացիներս՝ յուրաքանչյուրս իր ուխտով ու հավատքով բարձրացած, եկեղեցում աղոթք առ Աստված շարականով, իսկ բակում արդեն բոլորիս հավաքեց շուրջպարը՝ ազգային ու ծիսական երգերով։ Մեզնից յուրաքանյուրը, ձեռք ձեռքի բռնած, մյուսին էր փոխանցում իր ստացած էներգիան։ Պարընկերոջ ձեռքն էլ ավելի ամուր էիր բռնում ու վայելում երակներումդ հոսող արյան խաղը, իսկ ոտքերդ կտրվում էին հողից, ու անեզր երկնքում սավառնում , սավառնում ու սավառնում էիր։

Հզոր թիմ, հզոր սեբաստացիների մի մեծ ընտանիք։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրին։ Բարձունքը հաղթահարված է, աղոթքը՝ առ Աստված։ Խաղաղ, անամպ երկիր ու երկինք բոլորիս։

Լուսանկարը՝ Նունե Խաչիկօղլյանի

Оставьте комментарий